Բիզնես 

Արտահանման համար մեծ քանակով պանիր է անհրաժեշտ. Հայաստան

analitik.am

Կաթի արտադրության հարցը շարունակում է մնալ ոչ լիարժեք, քանի որ Հայաստանից արտահանման համար մեծ քանակով պանիր են ուզում, բայց 11 գործարանները չեն կարողանում լիարժեք արտահանման համար բավարարել. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը, ում խոսքով՝ Հայաստանն ունի բոլոր նախադրյալները ոլորտը զարգացնելու համար։

 

«Հայաստանի դեպքում կաթի արտադրության պայմաններն այնքան բարենպաստ են, ուղղակի զուտ կարգավորող գործիքներ են պետք, ոչ թե պարտադրող, այլ՝ կարգավորող»,- ասաց Արմեն Գիգոյանը։

 

Ըստ նրա, Հայաստանից մեծ քանակով պանիր են ուզում, ինչը թեև որոշակի չափով հասցվում է, բայց զարգացման հեռանկարներ չի ապահովում։ Մասնագետը բացատրեց, որ եթե կազմակերպությունը 150-200 տոննա պանիր է պահանջում, նա չի գնա միջին արտադրողի հետ նման բանակցությունների: Նա տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ գրեթե 70 գործարաններ զբաղվում են կաթի արտադրությամբ, որոնցից սակայն տեխնիկապես 11 գործարաններ են լիարժեք պատրաստ արտաքին շուկայի համար պանիր արտադրել։ Ըստ նրա, դրսի շուկան չեն կարողանում բավարարել ոչ միայն գործարանի տեխնիկական զարգացվածության խնդրի, այլ նաև կաթի քիչ ծավալների պատճառով. այս տարի շուրջ 1000 տոննա արտահանում է իրականացվել։

 

«Հայաստանում եթե ուտում են 20 հազար տոննա, որից 500 տոննան ներմուծվում է՝ նշանակում է 19 500 տոննա պանիր արտադրվում է»,-ասաց նա և ավելացրեց, որ նույն 11 կազմակերպությունները 2000 տոննա պանիր արտադրելու հնարավորություն ունեն։

 

Պանրագործների միության նախագահը պնդեց, թե կաթի մթերման գները բավարար հիմք են տալիս ոլորտը զարգացնելու համար և ավելացրեց, թե ընդունվող գինը 180-200 դրամ է: Ներկա լրագրողներից մեկը դիտարկեց, որ կաթը գյուղացուց մթերվում է 110-130 դրամով՝ ըստ յուղայնության չափի, ինչից հետո բանախոսը նշեց, թե արտադրողից կաթը մեկ ուրիշը վերցնում է և գործարան հասցնում իր նշած գնով։

 

«Իհարկե գյուղացու կողքին կանգնած չեն, այդ պարադոքսը կա, որովհետև արտադրողի վաճառքի գինը և գործարան հասցնելու գինը տարբեր են։ Բայց ինչքան էլ ուզում է գյուղացու կողքը կանգնեն, եթե ինքը ունի 3 լիտր կաթ, նա 3 լիտր բենզին չի ծախսի՝ հասցնի գործարան»,-ասաց նա: 

Նույն շարքից