Բիզնես 

2013թ. ամենամեծ եկամուտն ունեցած միլիարդատերերը

analitik.am

Ամերիկացի գործարար Ուորեն Բաֆեթը գլխավորել է միլիարդատերերի ցուցակը, որոնք անցնող տարում ամենից մեծ եկամուտն են ունեցել, հայտնում է HTB-ն:

 

Բաֆեթը 12.7 մլրդ ԱՄՆ դոլար գումար է վաստակել. հունվարին 83-ամյա Բաֆեթի կարողությունը գնահատվել է 46.4 մլրդ, իսկ դեկտեմբերին` 59.1 մլրդ: Պատահական չէ, որ շուկայում կողմնորոշվելու և հոտառության համար նրան անվանում են Օմահայի օրակուլ: Այդ կերպ Բաֆեթն օրական մոտ 37 մլն դոլար է վաստակել:

 

Չնայած նշված գումարին՝ աշխարհի ամենահարուստ մարդը շարունակում է մնալ Microsoft-ի ղեկավար Բիլ Գեյթսը, որի կարողությունը 72,6 մլրդ է: Ի դեպ, այս տարի Գեյթսն ունեցել է 11,5 մլրդ-ի եկամուտ:

 

Երրորդն ամերիկացի մագնատ Շելդոն Ադելսոնն է, որը հարստացել է 11,4 մլրդ-ով: Նրան հաջորդում են Amazon առցանց վաճառքի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (11,3 մլրդ) և Facеbook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (10,5 մլրդ): Ցուցակի 7-րդ և 8-րդ տեղերում են Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը` իրենց 9,3 մլրդ դոլարով:

 

Ամերիկացիներից բացի, տասնյակում է ճապոնացի գործարար Մասայոշի Սոնը` Softbank-ի հիմնադիրը, և Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը` խաղային մագնատ Լուի Չէ Վուն: Նրանք վաստակել են, համապատասխանաբար, 10,3 մլրդ և 8,3 մլրդ դոլար` հայտնվելով ռեյթինգի 6-րդ և 9-րդ տեղերում: Տասնյակը եզրափակում է ամերիկացի ներդրող Կառլ Այքանը` 7,2 մլրդ դոլար եկամտով:

 

Այսօր աշխարհում 2.170 միլիարդատեր կա, նրանց ընդհանուր կարողությունը 6.5 տրլն ԱՄՆ դոլար է: 

Նույն շարքից