Բիզնես 

Տոնական օրերին կաթնամթերքի թանկացումներ և գնային փոփոխություններ չեն սպասվում

analitik.am

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, այցելել է  կաթ վերամշակող մի շարք առաջավոր ձեռնարկությունները՝ պարզելու համար, թե ինչպես են աշխատում դրանք նախատոնական առեւտրի եւ պահանջարկի 50%-ոց աճի պայմաններում: Նա փորձել է պարզել, թե բավարա՞ր են արդյոք արտադրության ծավալները, սպասվո՞ւմ է  արդյոք կաթնամթերքի թանկացումներ:


Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցելությունն սկսվել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ից, ժամանակակից սարքավորումներով հագեցած մի ձեռնարկություն, ուր արտադրվում է հանրապետության կաթնամթերքի 8-10%-ը: Այն օրական մթերում է 100-200 տոննա կաթ եւ արտադրում շուրջ 20 տեսակ կաթնամթերք:


Հաջորդը «Աշտարակ կաթ» ՍՊԸ-ն էր՝  ոլորտի առաջնեկը, որը սպառողին է տալիս հանրապետության կաթնամթերքի շուրջ 25%-ը: Այն մայիս-հունիս ամիսներին օրական մթերում է շուրջ 1000 տոննա, աշնան-ձմռան ամիսներին՝ 200 տոննա կաթ:


Կաթնամթերք արտադրող ընկերությունների տնօրենները նախարարին հավաստիացրել են, որ նախատոնական եւ տոնական առեւտրի ողջ ծավալները կսպասարկվեն  բացառապես տեղական որակյալ կաթնամթերքով, թանկացումներ եւ գնային փոփոխություններ չի սպասվում:


Իր հերթին, նախարարը ներկայացրել է կաթի արտադրության ընթացիկ տարվա ծավալները, որոնք զգալիորեն ավելին են նախորդ տարվանից: Կաթի արտադրությունը շուրջ 40.000 տոննայով կգերազանցի 2012 թվականի ցուցանիշը:


Ավելացել են նաև թթու կաթնամթերքի (մածուն, թթվասեր, թան, յոգուրտ)  արտադրության, ինչպես նաև՝  պանրի արտահանման  ծավալները: Զգալիորեն նվազել է կաթի փոշու ներկրումը: Որոշակիորեն աճել են նաեւ կաթի մթերման գները:


Նախարարը կարևորեց նաև սանիտարահիգենիկ  պայմանների  եւ որակի ապահովումը, որն ըստ նրա, բավարար է:

Նույն շարքից