Բիզնես 

Հանրային հեռուստաընկերությամբ գովազդն արգելվեց

analitik.am

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց մի որոշում, որով Հանրային հեռուստատեսությամբ արգելվում է ցուցադրել գովազդ, բացառությամբ սոցիալական գովազդի, ինչպես նաև մշակութային և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին տեղեկություններ նշելու դեպքերի, բայց ոչ ավել, քան մեկ հովանավոր յուրաքանչյուր մշակութային և սպորտային հեռուստահաղորդման ցուցադրման ժամանակ: 

«Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող սոցիալական գովազդի, ինչպես նաև մշակութային և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին հիշատակումը եթերային մեկ ժամվա ընթացքում չպետք է գերազանցի 90 վայրկյանը: Սույն կետի դրույթները չեն տարածվում hանրային հեռուստատեսության արբանյակային կապով եթերի հեռարձակումների, ինչպես նաև հանրային հեռուստատեսությամբ միջազգային հեղինակավոր մշակութային և(կամ) սպորտային իրադարձությունների այն վերահեռարձակումների վրա, որոնց շրջանակներում դրանց կազմակերպիչների պահանջով պարտադիր պետք է ցուցադրվեն գովազդներ»,- նշված է կատարված փոփոխությունների մեջ:

«Ներկայացված օրենքների նախագծերը նպատակ ունեն էլ ավելի բարձրացնել Հանրային հեռուստատեսության տեղն ու դերը, համբավը հասարակական կյանքում՝ արգելելով առևտրային գովազդը հանրային հեռուստատեսությամբ: Առևտրային գովազդը ինչպես հեռուստադիտողից, այնպես էլ՝ հեռուստատեսությունից խլում է եթերաժամ, որը կարող է օգտագործվել ավելի բարձր տեղեկատվական արժեք ունեցող թողարկումների համար: Հաշվի առնելով հանրային հեռուստատեսության առանձնակի առաքելություն հանրային կյանքում, առևտրային գովազդը չի ծառայում այն նպատակներին, որոնց համար ստեղծվել, պետական բյուջեյի միջոցների հաշվին ֆինանսավորվում և գործում է հանրային հեռուստատեսությունը: 

Նախագծերով բացառություն է նախատեսված միայն սոցիալական, մշակութային և սպորտային ուղղվածության գովազդների համար, որոնց ցուցադրումը համարվում է թույլատրելի՝ հաշվի առնելով բնակչության առողջության և առողջապահության, բնության պահպանության, սոցիալական պաշտպանության հարցերով ազգային շահեր տեսանկյունից դրանց կարևորությունը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Նույն շարքից