Բիզնես 

102 մլն դոլարի ներդրումներ՝ Զվարթնոցում

analitik.am

ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց Զվարթնոց օդանավակայանի համար մշակված նոր «Մաստեր Պլանը», ըստ որի 102 մլն դոլարի ներդրումներ կկատարվեն օդանավակայանի պայմանների բարելավման և նոր շենքի համար:

 

Նախագծի մասին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ այդ ներդրումները մի կողմից հնարավորություն կտան բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, զարգացնել տուրիզմը և պահպանել, որպեսզի օդանավակայանը լինի լավագույնը: «Սա մեզ համար գերակա խնդիր է, և մենք չենք կարող թերագնահատել օդանավակայանի կարևորությունը»,-ասաց նա:

 

Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի ներկայացմամբ՝ հիմնական ներդրումները կուղղվեն նստեցման հատվածի ընդլայնմանը. նստեցման ելքերի քանակը կավելանա ևս չորսով: Ընդհանուր առմամբ օդանավակայանը կունենա 10 նստեցման ելք, կառամատույցի ամբողջ մակերեսը 50 քառ մետրով կավելանա, որոնց համար ընդհանուր ծախսերը կկազմեն 40 մլն դոլար:

 

«Պետական մարմինների համար է նոր շենք նախատեսված, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու ստեղծման խնդիրն է դրված»,-ասաց նա:

 

Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաև Զվարթնոցի հին մասնաշենքի շուրջ ծավալված խնդրին:

 

«Խոսքը կլոր մասնաշենքի քանդման վերաբերյալ ներկայացված առաջարկի մասին է: Հասկանալի է, որ այն նախատեսում է 15-20 մլն դոլարի ներդրում, ինչը բավականին շատ է: Այն սովետական մոդեռնիզմի ճարտարապետության շենք է, դրա համար մեր ճարտարապետները առաջարկում են նոր լուծումներ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ կա հետաքրքիր առաջարկ, մասնավորապես օդանավակայանի տարածքում մի այգի կառուցել, որտեղ ճարտարապետական այդպիսի լուծումով բոլոր կոթողները կարող են տեղավորվել:

 

Վարչապետի խոսքով՝ նման բան կա Բրյուսելում. «Միգուցե մենք մեր ճարտարապետների հետ կարող ենք գտնել այնպիսի լուծումներ, որ կարողանանք պահպանել ճարտարապետական ժառանգությունը»:

 

Նա նաև նշեց, որ այդ շենքը ճարտարապետական օրիգինալ կառույց է, որը մեր հուշարձանների շարքում ներառված չէ, բայց ճարտարապետները դա համարում են արժեքավոր ժառանգություն:

Նույն շարքից