Բիզնես 

Հետտոնական օրերին խանութներում ժամկետանց կաթնամթերք են հայտնաբերել

analitik.am

Հետտոնական օրերին որոշ խանութներում հայտնաբերվել են ժամկետանց կամ սխալ մակնշված կաթնամթերք: Այս մասին հայտնել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ ընդգծելով, որ հետտոնական օրերին նման խախտումները հիմնականում նկատվել են միջին չափի խանութներում:

Նա տեղեկացրեց, որ երեկվանից ավելի 20 խանութներում կաթնամթերքի ոլորտում ուսումնասիրություն են անցկացրել և ընտրել ենք 3 խոշոր խանութներ, 9 փոքր և 8 միջին խանութներ:

«Փոքր խանութներից շատերում երեկվա դրությամբ անգամ ապրանքներ չկային: Ասում էին, որ այսօր են միայն ապրանք ստանալու: Զանգեցինք, իմացանք, որ այսօր կեսօրից հետո իսկապես ապրանք ստացել են: Միջին խանութներում առկա էին նախորդ տարվա ապրանքներ, ընդ որում՝ թե՛ ժամկետանց, թե՛ սխալ մակնշված: Խոշոր խանութներում նման բանի չհանդիպեցինք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է սխալ մակնշմանը, ապա Բաբկեն Պիպոյանը նշեց, որ խոսքը այն մասին, որ նույն օրը արտադրված ապրանքի պիտանելիության ժամկետները հաճախ տարբեր են եղել:

«Դրանք առավելագույնը պետք է ունենան 10-օրյա ժամկետ, բայց օրինակ դեկտեմբերի 30-ին արտադրված թթվասերի վրա պիտանելիության ժամկետը մի դեպքում նշված էր հունվարի 8-ը, մյուս դեպքում 9-ը: Սա, իհարկե, խախտում է»,– ասաց նա:

Բաբկեն Պիպոյանը նշեց, որ բոլոր արտադրողներին տեղեկացրել են խախտումների մասին, նրանք խոստացել են արագ վերացնել դրանք։

Առաջիկա օրերին ևս մեկ անգամ են ուսումնասիրություններ իրականացնելու՝ համոզվելու համար, թե արդյոք արտադրողները վերացրե՞լ են ժամկետանց ապրանքը:

Բաբկեն Պիպոյանը նաև տեղեկացրեց, որ վաղը իրենք ուսումնասիրություն են անցկացնելու հրուշակեղենի շուկայում, քանի որ արդեն ահազանգեր են ստացել:

Նույն շարքից