Բիզնես 

«Նաիրիտում» նույն վիճակն է՝ աշխատավարձերի մեկ տարվա պարտք ու անորոշություն

analitik.am

Ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող «Նաիրիտ» գործարանում այն վիճակը, ինչ կար Նոր տարուց առաջ, պահպանվում է: Այն է՝ մեկ տարվա չափ աշխատավարձերի պարտքեր աշխատողներին, պարտքեր Միջպետական բանկին և անորոշություն, թե դրանք ինչպես են տրվելու:

 

Այս մասին հայտնեց «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, ով տեղեկացրեց, որ նոյեմբերին անցկացված բողոքի ակցիաներից հետո գործարանի աշխատակիցները ստացել են 2 ամսվա աշխատավարձ՝ դեկտեմբերի 2-ին և 27-ին:

 

«Ու դեռ մեկ տարվա աշխատավարձ պարտք են: Ուզում եմ նշել, որ մի հարց, որը շահարկվում է, թե, իբր, տնօրենները՝ գլխավոր տնօրենը, տեղակալները և այլն, ավելի շատ են ստանում, ես ուզում եմ ասել, որ տնօրենները և, ընդհանրապես, վարչական անձնակազմը ամեն անգամ, երբ ստանում են իրենց մեկ ամսվա աշխատավարձը, ստանում են դրա 50 տոկոսը»,- ասաց Անուշ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Կառավարությունը մի քանի ամիս առաջ բանակցություններ էր վարում «Ռոսնեֆտի» կազմի մեջ մտնող «Իտերա» ընկերության հետ՝ «Նաիրիտում» մասնակցություն ունենալու վերաբերյալ։ «Նաիրիտ»-ի վերակառուցման և զարգացման 500 էջանոց ծրագրով՝ նախատեսվում էր մոտ 400 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում:

 

Սրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցելելուց հետո հայտարարվեց, որ «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր:

 

Անուշ Հարությունյանը պարզաբանեց, որ այդ համաձայնագրում «Նաիրիտ»-ի անունը չի շոշափվում և այն ինչքան դեր կունենա այդ ամեն ինչում, դեռևս անհայտ է:

Նույն շարքից