Բիզնես 

Կարտոֆիլը 130 դրամից դարձել է շուրջ 250 դրամ

analitik.am

Վերջին օրերին Երևանում կարտոֆիլի գնի կտրուկ թանկացում է նկատվում: Այն 120-130 դրամից հասել է 250 դրամի: «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբեյանը  այս հանգամանքը բացատրեց բերքի պակասով: Նա նշեց, որ 2013 թ.-ի ընթացքում կարտոֆիլի ցանքատարածությունները պակասել են 1000-1500 հա-ով:

 

«Իրենք ասում են, որ 2013 թ.-ին ստացել են 650 հազար տոննա բերք, բայց մեր հաշվարկներով՝ այն մոտավորապես կազմում է 450 հազար տոննա: 15-20 հազար տոննան գյուղացիները արտահանել են: Կլանային կառույցները փորձեցին խոչընդոտել արտահանմանը, որպեսզի միայն իրենք արտահանեն, բայց մենք պայքարեցինք դրա դեմ»,-ասաց Հրաչ Բերբերյանը:

 

Նա նաև նշեց, որ հնարավոր է՝ կարտոֆիլի գինն առաջիկայում ավելի բարձրանա, այն կէժանանա միայն այն ժամանակ, երբ լինի արդեն հաջորդ բերքը:

Միաժամանակ Հրաչ Բերբերյանը տեղեկացրեց, որ այսօր կարտոֆիլի խնդիր կա բազմաթիվ երկրներում:

 

«Ամբողջ աշխարհում կարտոֆիլի բերքը պակասել է և, հետևաբար, ամեն տեղ գինը բարձրացել է. Լեհաստանում 50%-ով է բարձրացել, Չեխիայում՝ 70%-ով, Ռուսաստանում՝ 150%-ով: Եթե կարտոֆիլի մեր շուկան համեմատենք հարևան երկրների շուկաների հետ, մեզ մոտ շուրջ 40 %-ով էժան է»,-ասաց նա:

 

Հարցին, թե թանկացումը չի՞ կարելի կապել ջերմաստիճանի նվազման հետ, այսինքն՝ գուցե բերքը ցրտահարվել է, Հրաչ Բերբերյանը բացասական պատասխանեց:

Ի հակադրություն Հրաչ Բերբերյանի՝ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանն ընդգծեց, որ կարտոֆիլի արտադրությունը չի նվազել, և ցանքատարածությունը չի պակասել: Սամվել Գալստյանը տեղեկացրեց, որ 2012թ-ին կարտոֆիլի բերքը հանրապետությունում կազմել է 647 հազար տոննա, իսկ 2013թ-ին՝ 653-654 հազար տոննա:

Կարտոֆիլի գնի կտրուկ բարձրացումը նա այսպես մեկնաբանեց.

«Ըստ իս՝ պատճառն այն է, որ կարտոֆիլը բավական լավ արտահանվում է այլ երկրներ, որի համար բավական լավ գին է տրվում: Արդեն 20 հազար տոննա արտահանվել է: Եթե մարդիկ կարողանում են արտահանել, փառք ու պատիվ իրենց, գյուղացու աշխատանքի գինը պետք է հասկանալ, գյուղմթերքը պետք է իր գինն ունենա: Լավ է, որ շուկան բացվել է, ուժեղ է այն պետությունը, որը կարողանում է շատ արտահանում կազմակերպել»,-ասաց նա:

Նույն շարքից