Բիզնես 

2014թ. Սպասարկման որակի բարձրացման տարի

analitik.am

«Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ  գլխավոր տնօրեն  Արսեն  Հարությունյանը  այսօր հրավիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ ամփոփելով 2013 թվականի գործունեությունը` ընդհանուր առմամբ դրական է գնահատել  ընկերության կողմից իրականացված աշխատանքները:


«Հայռուսգազարդի» մամուլի ծառայության փոխանցմամբ, տարվա ընթացքում 648.000 բաժանորդի մոտ  ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման մասով իրականացվել է  1մլն. 200 հազար պլանային  այց և 8000 արտապլանային սպասարկում:


Ամփոփիչ տվյալների համաձայն  բաժանորդների մոտ տեղադրված անվտանգության ազդանշանային սարքերի գործարկման արդյունքում կանխվել է  ավելի քան 1100 դեպք: Ներտնային տեխնիկական  սպասարկման եւ կանխարգելիչ միջոցառումների արդյունքում այդ դեպքերը  զգալիորեն նվազել են՝ 2012 թվականին ունեցած 2200-ի համեմատ: Նախորդ տարիների համեմատ նվազագույնին են հասցվել նաեւ կենցաղում բնական գազից թունավորման եւ մահացության դեպքերը:


Ըստ Ա. Հարությունյանի, ոլորտում իրականացվող աշխատանքներն ու ձեռնարկված քայլերը լուրջ նախադրյալներ են ստեղծում ներտնային գազասպառման համակարգում  անվտանգության բարձր մակարդակ ապահովելու համար: Սակայն արձանագրվող դժբախտ դեպքերն ու պատահարները դեռ  մտահոգության տեղիք են տալիս եւ առաջ  քաշում  գազօգտագործման անվտանգության  կանոնների  հրահանգավորման  եւ իրազեկման լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտություն:


Ա. Հարությունյանը 2014թ. հայտարարել է «Սպասարկման  որակի բարձրացման տարի» և ընդգծել, որ  իրականացվող բոլոր ծրագրերը պետք է նպաստեն  «Էյ-Ի-Ջի Սերվիս»  ընկերության  կողմից մատուցվող ծառայության որակի բարձրացմանը եւ նպատակաուղղված լինեն բաժանորդների  անվտանգության ապահովմանը:


Խոսելով 2014 թվականի անելիքների մասին Ա. Հարությունյանը նշել է նաեւ, որ նոր պայմանագրով ստանձնած  ջրային երեք ընկերությունների կառավարման աշխատանքները  պետք է շարունակել  ավելի բարձր արդյունավետությամբ՝ հատուկ ուշադրություն հատկացնելով մատուցվող ծառայությունների որակին եւ կառավարման համակարգի բարելավման գործընթացներին:


Ամփոփելով  անցած տարին, Ա. Հարությունյանը  Ընկերության ստորաբաժանումներին հանձնարարել է ներկայացնել  2013թ. հաշվետվությունները, ինչպես նաեւ 2014 թվականի համալիր ծրագրերը:

Նույն շարքից