Բիզնես 

Ինչ են առաջարկում ԱՄՆ-ի լավագույն գործատուները

analitik.am

Fortune ամսագիրը հունվարին հրապարակել է ԱՄՆ-ի լավագույն գործատուների իր ավանդական ցուցակը, այսինքն՝ այն ընկերությունների, որտեղ աշխատակիցները կարող են ստանալ անվճար սնունդ, օգտվել մարզասրահից, վերապատրաստվել այլ երկրներում և նույնիսկ արտոնյալ վարկեր ստանալ բնակարան գնելու կամ նոր գիտելիքներ ձեռք բերելու համար։ Lenta.ru-ն որոշել է պարզել, թե հատկապես ինչ պետք է անի ընկերությունը Fortune-ի վարկանիշային ցուցակում հայտնվելու և այնտեղ առնվազն մի քանի տարի մնալու համար։

 

Իր «100 Best Companies to Work For» ցուցակն ամսագիրը թողարկում է 1998-ից։ Ամենավստահելի ու գրավիչ գործատուներին պարզելու համար Fortune-ը Great Place to Work ինստիտուտի հետ համատեղ հարցումներ է անցկացրել ընկերությունների աշխատակիցների շրջանում, ընդ որում՝ հարցման մասնակից ընկերությունները պետք է շուկայում գոյություն ունենան առնվազն 5 տարի։ 2014թ. ցուցակը կազմելիս հարցմանը մասնակցել է 257 ընկերություն և ավելի քան 252 հազ. աշխատակից։

Ինչպես և վերջին 2 տարիներին, այս տարի էլ Fortune-ի ցուցակը գլխավորել է Google ընկերությունը։

 

Աշխատավարձի հարցը հաճախ ամենագլխավոր հարցն է աշխատավայրի ընտրության հարցում։ Ամսագրում կազմել են առանձին 10 ընկերությունների փոքր ցուցակ, որոնք ամենաշռայլն են իրենց աշխատակիցների հանդեպ։ Առաջին տեղը զբաղեցրել է WellStar Health System բժշկական ընկերությունը՝ տարեկան միջինը 254 հազ. դոլար աշխատավարձով։ Երկրորդ տեղը զբաղեցրել է իրավաբանական Bingham McCutchen ընկերությունը՝ տարեկան 222 հազ. դոլար աշխատավարձով։ Երրորդ հորիզոնականում է Cooley իրավաբանական ընկերությունը՝ տարեկան 216 հազ. դոլար աշխատավարձով։

 

Fortune-ը ցուցակը հրապարակում է 17-րդ անգամ։ Այս ամբողջ ժամանակահատվածում միայն 13 ընկերություններ են հայտնվել դրանում յուրաքանչուր տարի, այդ թվում՝ SAS, Goldman Sachs, Cisco, Marriott, Four Seasons, Microsoft ընկերությունները։

 

Թվում է՝ լավագույն պայմաններով աշխատանքները պետք է աշխատակիցներին այնքան երջանիկ դարձնեն, որ այլ ընկերություն տեղափոխվելու մասին անգամ խոսք չլինի, սակայն նույնիսկ ցուցակի առաջատար ընկերությունում միջինվիճակագրական աշխատակիցները չեն մնում 1.1 տարուց ավելի։

Նույն շարքից