Բիզնես 

Պարտավոր ենք մաքսազերծումը կատարել մեկ պատուհանի սկզբունքով. Ֆինանսների նախարար

analitik.am

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացն իրականացնելու համար ՀՀ ֆինանսների նախարարությունում ստեղծվել են երեք աշխատանքային խմբեր, որոնց միջոցով աշխատում են գործընկեր երկրների հետ:

 

Այս մասին «Հայաստան-Մաքսային միություն. Հնարավորություններ ու մարտահրավերներ» թեմայով ՀՀ երկրորդ տնտեսական համաժողովին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և նշեց, որ այս գործընթացում առաջնային խնդիրներից է մաքսային օրենսդրությունների մոտարկումը ՀՀ-ի և ՄՄ անդամ երկրների միջև:

 

«Մաքսային համակարգի հետ կապված փոփոխություններից մեկը մաքսային ձևակերպումներն են: Մենք պարտավոր ենք մաքսազերծման հետ կապված բոլոր աշխատանքները իրականացնել մեկ պատուհան սկզբունքով, ինչպես նաև պետք է անցնենք ամբողջությամբ հայտարարգրերը էլեկտրոնային համակարգով ներկայացնելու սկզբունքին»,-ասաց նա:

 

Ըստ նախարարի՝ մյուս կարևոր փոփոխությունը, որը պետք է իրականացվի՝ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց որոշումների գործողությունների բողոքարկումն է:

 

«Եթե այսօր կարելի է միայն որոշ դեպքերում ու որոշ մասնակիցների կողմից բողոքարկման հայտ ներայացնել ու բողոքարկել պաշտոնատար անձանց որոշումները, ապա ՄՄ-ի կանոններով ցանկացած շահագրգռված անձ կարող է դիմել բողոքարկման և բողոքարկել ցանկացած հարց»,-ասաց նա:

 

Դավիթ Սարգսյանը նաև նշեց, որ փոփոխվելու են մաքսազերծվող ապրանքի համար գանձվող գումարների ժամկետները:

 

«Ապրանքների ներմուծելիս այսօր 10 օրվա ընթացքում պետք է բոլոր պարտադիր վճարումները իրականացվեն, որից հետո միայն կարող են մաքսազերծվել ապրանքները: ՄՄ-ի օրենքներով կարելի է տարաժամկետել վճարումներ՝ կիրառելով բանկային երաշխիքներ կամ այլ միջոցներ»,- ասաց նա:

 

Ֆինանսների նախարարը նաև հիշեցրեց, որ ներկայումս ՀՀ-ի և ՄՄ-ի միջև ընթանում են բանակցություններ՝ նվազեցնելու երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող 900 անուն ապրանքների նկատմամբ մաքսազերծման տոկոսադրույքները։

Նույն շարքից