Բիզնես 

2013թ. ներմուծվել է և՛ շաքար, և՛ եղեգի շաքարավազ, սպիտակ շաքարավազ. ՊԵԿ

analitik.am

2013թ. 46 կազմակերպությունների կողմից ներմուծվել 4 993 տոննա շաքար, եղեգի շաքարավազ, սպիտակ շաքարավազ և վանիլային շաքար, որոնց մաքսային արժեքը կազմել է 1 523.4 մլն դրամ, իսկ գանձված հարկը՝ 482 մլն դրամ: Հիմնական ներկրումներն իրականացվել են Գերմանիայից, Ավստրիայից, Բելգիայից և Իսրայելից:

Այս մասին ասված է Պետական եկամուտների կոմիտեի կայքում տեղադրված պարզաբանման մեջ՝ ի պատասխան «Հայկական ժամանակ» օրաթերթի, մարտի 29-ի հրապարակման, որում անդրադառնալով շաքարավազի ներկրմանը, հետևություն էր արվել, որ Հայաստան շաքարավազ չի ներկրվում, այլ միայն հումք՝ շաքարեղեգ:

«Հնարավոր թյուրըմբռնումից խուսափելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ հրապարակման մեջ ներկայացված եզրահանգումները չեն արտացոլում իրականությունը»,- նշված է ՊԵԿ պարզաբան մեջ:

Նույն ժամանակահատվածում, ըստ ՊԵԿ հաղորդագրության, Բրազիլիայից ներմուծվել է 74 781 տոննա շաքարի հումք՝ 14 966 մլն դրամ մաքսային արժեքով, գանձված հարկը կազմել է 2 910.1 մլն դրամ: 2013թ. արտահանվել է 899.2 տոննա շաքարավազ՝ 226.7 մլն դրամ մաքսային արժեքով:

Ինչ վերաբերում է 2014-ին, ապա հունվար-փետրվար ամիսներին 6 կազմակերպությունների կողմից Գերմանիայից, Իսրայելից, Իտալիայից և Ռումինիայից ներմուծվել է 523.5 տոննա շաքար, եղեգի շաքարավազ, սպիտակ շաքարավազ և վանիլային շաքար, որոնց մաքսային արժեքը կազմել է 148.9 մլն դրամ, իսկ գանձված հարկը՝ 46.6 մլն դրամ:

Նույն ժամանակահատվածում Բրազիլիայից ներմուծվել է 29 961.4 տոննա շաքարի հումք՝ 5 620.6 մլն դրամ մաքսային արժեքով, որից գանձված հարկը կազմել է 1124.1 մլն դրամ: 2014թ. հունվար-փետրվար ամիսներին արտահանվել է 100 տոննա շաքարավազ՝ 24.7 մլն դրամ մաքսային արժեքով:

Ինչ վերաբերում է շաքարի միջազգային գներին և ձևակերպված մաքսային արժեքներին, ապա ՊԵԿ-ը անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ մաքսային ձևակերպումները կատարվում են միջազգային գներին և ներկայացվող փաստաթղթերին համապատասխան:

Մասնավորապես, 2013-ին ներկրված շաքարի 1 տոննայի միջին մաքսային արժեքը կազմել է 943 ԱՄՆ դոլար, իսկ հումքինը՝ 492 ԱՄՆ դոլար, բնականաբար հումքի մաքսային արժեքը էականորեն զիջում է պատրաստի արտադրանքի մաքսային արժեքին:

ՊԵԿ հաղորդագրությունում նաև նշվում է, որ 2007թ. ապրիլի 21-ից ուժի մեջ մտած «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն շաքարի հումքի համար մաքսատուրքը հաշվարկվում է 0 տոկոս դրույքաչափով, եթե համապատասխան ծածկագրին դասվող ապրանքները ներմուծվում են շաքարի արտադրության համար` ՀՀ կառավարության` 2007թ. ապրիլի 12-ի N 546-Ն որոշմամբ սահմանած կարգով:

Նույն շարքից