Բիզնես 

Վազգեն Սաֆարյանը համարում է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությամբ տեղական ավտոշուկան կշահի

analitik.am

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը համարում է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությամբ տեղական ավտոշուկան կշահի՝ չնաjած արտասահմանյան արտադրության մեքենաների թանկացման մտավախությանը:

«Մեքենաների թանկանալու մտավախությունը կա, տարեկան 35-40 հազար մեքենա ենք ներկրում, և Ռուսաստանը մեծ մաքսատուրքեր է դրել այդ ներկրումների վրա, քանի որ ուզում է իր արտադրանքն իրացնել»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա՝ ընդգծելով, որ եթե մի տեղ կորցնում ես, մեկ ուրիշ տեղում շահում ես:

Իսկ թե ՄՄ-ին միանալու պայմաններում ինչ կշահի Հայաստանը, Վազգեն Սաֆարյանը նշեց, որ երկրում կսկսեն ներքին ռեսուրսները ռացիոնալ օգտագործել: «Դրա համար մենք պետք է մեր ներքին ռեսուրսները մոբիլիզացնենք, ճիշտ օգտագործենք և աշխատատեղեր ստեղծենք»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ այսօր հիմնական խնդիրը Վանաձորի «Քիմպրոմն» է, որն անթույլատրելիորեն չի աշխատում: Սեփականատերերը ռուսներն են, և այնտեղ հնարավոր է նաև գործարան աշխատեցնել Ռուսաստանում գազի ներքին գներով:

«Վանաձորում կանգ առանք նաև «Վանաձոր-Ֆիալետովո» երկաթուղու տարածքում, դա Կառավարության կողմից դիտարկվել է որպես կարևոր կառույց, որը մեծ դեր ունի հայ-ռուսական հարաբերություններում, և այն պետք է շահագործվի»,- ասաց նա և ավելացրեց, որ կարևոր է նաև Ախուրյանի շաքարի գործարանի շահագործումը, որը նույնպես հիմա չի աշխատում:

Վազգեն Սաֆարյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի նախատեսվում է Թեղուտի հանքավայրի շահագործումը, և նախատեսված է 60 հազար տոննա խտանյութ արտահանել։

«Նախագահը հայտարարել էր, որ այնտեղ պետք է կառուցվի ձուլարան: Դրանով և բնությունը կմաքրվի ծանր մետաղներից, և հումք կարտադրվի: Մենք առաջարկել ենք նաև նման ձուլարան կառուցել Մեղրիում»,– ասաց նա: 

Անդրադառնալով ներդրումներին՝ բանախոսը նկատեց, որ ՄՄ-ի անդամակցությամբ ներդրումների քաղաքականությունն ավելի նպաստավոր կլինի:

Նույն շարքից