Բիզնես 

Կառավարությունը ձեռնարկում է Արարատյան ջրավազանում ստեղծված բնապահպանական բարդ իրավիճակի հաղթահարման միջոցներ

analitik.am

Արարատյան ջրավազանի ջրային պաշարի անարդյունավետ օգտագործման հետևանքով ստեղծվել է բնապահպանական բարդ իրավիճակ, ինչը պայմանավորված է նաև խորքային հորերի հորատումն իրականացնող սարքավորումների աշխատանքի ոչ պատշաճ հսկողությամբ: Այսօրվա որոշմամբ կառավարությունը, փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, խստացրել է այդ հսկողությունը, ինչն էլ կնպաստի ապօրինի շահագործվող խորքային հորերի նկատմամբ հսկողական համակարգի ներդրմանը և կիրառմանը: Հաջորդ որոշմամբ հաստատվել է «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվության, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը»:


Փաստաթղթով արգելվել է Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվության տրամադրումը. նշված մարզերի համայնքների ղեկավարները չպետք է տրամադրեն նախկինից ջրօգտագործման թույլտվություն ունեցող, սակայն չհորատված հորատանցքերի շինարարական թույլտվություն: Որոշմամբ հաստատված կարգի համաձայն տրված են ապօրինի շահագործվող, չշահագործվող, լուծարման և կոնսերվացման ենթակա հորատանցքերի, ինչպես նաև դրանց առնչվող անձանց ու կատարվող գործողությունների սահմանումները, ինչն էլ թույլ կտա այդ գործողություններն իրականացնել առանց տարաբնույթ մեկնաբանությունների: Ժամկետանց ջրօգտագործման թույլտվության հայտերի գնահատման հիմնական պայման է հանդիսանալու ձկնաբուծական տնտեսություններում ջրօգտագործման ծավալը մինչև 1/3 չափի հասցնելը, որի համար ջրօգտագործողները պետք է ներդնեն ջրամատակարարման փակ կամ կիսափակ շրջանառու համակարգ, ինչպես նաև ջրօգտագործման ավտոմատ կառավարման արդի սարքավորումներ: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի և կգնահատի մինչև 2014թ. ապրիլի 1-ը ՀՀ բնապահպանության նախարարություն մուտքագրված հայտերը և կգործի մինչև 2014թ. օգոստոսի 1-ը:

Նույն շարքից