Բիզնես 

Ձկնարտադրության ոլորտի լիցենզավորմամբ 80% արտադրողների կորուստ կունենանք. Արթուր Աթոյան

analitik.am

Ձկնարտադրության ոլորտում լիցենզավորման օրենքով Հայաստանում 80% ձկնարտադրողների կորուստ կլինի: Այսօր կայացած ասուլիսին նման հայտարարություն արեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը՝ նշելով, որ այժմ ձկնարտադրությամբ զբաղվելու համար պետք է որոշակի լիցենզավորման գործընթաց անցնել, ինչի արդյունքում էլ կլինի այդ նվազումը:

«Լիցենզիայի մեջ մտնում է բարձր գին, ջրի խնայում, տեխնոլոգիական արտադրամիջոցներ, որոնք մեր հնարավորություններից վեր են»,-ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ ձկնարտադրությանը վերաբերող բոլոր միջոցառումները Հայաստանում իրականացվում են թաքուն կամ կիսատ-պռատ՝ անհասկանալի հայտարարությունների միջոցով. տնտեսվարողը չի տիրապետում իր նկատմամբ իրականացվող միջոցառումների էությանն ու բովանդակությանը, նրան չի բացատրվում, թե ինչ է պետք իրականացնել և ինչպես:

«Առանց մեզ հետ քննարկելու, համաձայնեցնելու, նման որոշում են կայացրել, արդեն երկու հարյուր երեսունչորս ընկերություններից յոթանասունյոթը մինչև անցած սեպտեմբեր փակվել, են, նրանց թվում են և կայացածներ, և խոշորներ, և փոքրեր: Չեն դիմացել արտադրական ծանր պայմաններին»,-ասաց նա՝ նշելով, որ հսկողության և վերահսկողություն իրականացնող կազմակերպությունները կարծես մրցավազքի մեջ են մտել իրար հետ, թե ով ավելի կոշտ և կամայական գործողություններով կարող է խոչընդոտել, խաթարել ձկնարտադրության տնտեսական գործունեությունը, իսկ որոշ դեպքերում նրանց գործողությունները կրում են ՀՀ օրենսդրության բացահայտ շեղումների բնույթ՝ արտահայտված անձնական կամայականությունների դրսևորմամբ:

Միավորման նախագահը նաև ընդգծեց, որ ձկնաբուծության լիցենզավորման գործընթացը սկսելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել երկրի աշխարհաքաղաքական դիրքը, տնտեսական վիճակը, բնակլիմայական պայմանները, հարևան պետությունների վերաբերմունքը և այլ կարևոր հարցեր: 

Նույն շարքից