Բիզնես 

Երկիրն առաջ չէր գնում, ու եկավ պահը, որ ժողովուրդն սկսեց պոռթկալ. Գործարար Վահագն Հովնանյանը` վարչապետի հրաժարականի մասին

analitik.am

Սփյուռքահայ գործարար, բարերար, «Վահագնի» բնակելի թաղամասի հիմնադիր Վահագն Հովնանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին, ասաց, թե յուրաքանչյուր փոփոխություն իր դրական կողմերն ունի, ապա ավելացրեց, թե վարչապետի ամենամեծ սխալը կենսաթոշակային համակարգի բարեփոխումների մասին օրենքի կիրառումն էր:

«Այդքան խորը չեմ ուսումնասիրել, բայց կարծում եմ՝ օրենքը սխալ էր մշակված: Հենց դրա համար ժողովուրդը ատեց այդ լուրը: Առանց այն էլ մարդկանց դրամը պակաս է, մեկ տոկոս էլ որ կտրվի, վտանգավոր է»,- ասաց Վահագն Հովնանյանը՝ ավելացնելով, թե գուցե լավ ժամանակներում այս օրենքը լիներ, լավ ընդունվեր, բայց հիմա ժողովրդի բերանից պատառ հանելը սխալ է:

«Ընդհանուր առմամբ, երկիրն առաջ չէր գնում, ու եկավ պահը, որ ժողովուրդն սկսեց պոռթկալ»,- նշեց գործարարը:

Ըստ նրա՝ մեզ գործ ստեղծող վարչապետ է պետք: «Առանց դրամի շարժի առաջընթաց չի լինի: Չպետք է փողը բանկերում քնեցնել: Տիգրան Սարգսյանը Կենտրոնական բանկի նախագահն է եղել և այդ մասին պետք է իմանար: Բանկի տոկոսադրույքներն էլ այնքան բարձր են, որ մարդիկ չեն կարողանում գործ սկսել վարկավորման միջոցով»,- ասաց Վահագն Հովնանյանը՝ եզրակացնելով, թե մարդիկ գործ չունեն, դրա համար են թողնում երկիրն ու գնում:

Գործարարը կարծում է, որ մեր երկրում չի խթանվում փոքր ու միջին բիզնեսը, մինչդեռ դրա կարիքը շատ կա:

«Տեսել եմ Դիլիջանում Կենտրոնական բանկի նոր շենքը, չգիտեմ, թե ինչքան է ծախսվել, բայց համոզված եմ, որ այդ գումարով կարելի էր ավելի շատ փոքր բիզնես դնել: Գյուղերի մեջ ճանապարհներ պետք է կառուցվեն, ահավոր ճամփաներ են, հազար ու մի ավելի կարևոր խնդիրներ կան»,- իր խոսքում նշեց Վահագն Հովնանյանը:

Նույն շարքից