Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը անդրադարձավ վերջերս Նախագահի՝ Եվրասիական տնտեսական միության համաժողովին չմասնակցելու խնդրին, որը ըստ որոշ վարկածների, պայմանավորված է մեր երկրում գործազրկության մեծ մակարդակի հետ և անդամ երկրները չեն ցանկանում ՀՀ-ին տեսնել Եվրասիական տնտեսական միության կազմում, նա չհամաձայնեց՝ մեկնաբանելով, որ այստեղ մեծ դերակատարում ունի Ռուսաստանը և անհրաժեշտության դեպքում նա կարող է ճնշել անդամ մյուս երկրներին: «Հիմնականում խնդիր կարող են առաջացնել Բելառուսը և Ղազախստանը, որտեղ գործազրկության մակարդակը 1% է: Այս պայմաններում մեր երկրի քաղաքականությունը պետք է այնպիսին լինի, որ խթանվի համագործակցությունը Բելառուսի հետ՝ նպաստելով նրան, որ Բելառուսը իր ձայնի իրավունքն օգտագործի ի օգուտ Հայաստանի»:
Անդրադառնալով ՀՀ-ի ՄՄ մտնելու վերաբերյալ գործատուների կարծիքին, նա նշեց, որ պետք է տարանջատել այս դեպքում խոշոր, միջին և փոքր բիզնես ունեցող գործատուների կարծիքը: «Քանի որ փոքր բիզնեսը մեզ մոտ այսօր դերակատարում չունի այդ հարցում, նրանց կարծիքը կարծիք էլ կմնա:
Խոսշոր և միջին բիզնեսի դեպքում պետք է տարանջատել գրագետ և ոչ ոչ գրագետ բիզնեսմեններին. Նրանք, ովքեր գրագետ չեն և իրենց արտասահմանյան շփումները սահմանափակվում են միայն Ռուսաստանով, միանշանակ կողմ են ՄՄ-ին, իսկ գրագետ և հեռատես բիզնեսը նախընտրում է ԵՄ-ն»:
Գագիկ Մակարյանը նաև նշեց, որ Ռուսաստանում ևս այն մտավախությունը կա, որ եթե ՀՀ-ն ճիշտ ու գրագետ քաղաքականություն չիրականացնի, ապա ՄՄ մտնելով՝ խոշոր հաշվով մենք կարող ենք տանուլ տալ: