Բիզնես 

Ըստ ԿԲ-ի` Հայաստանում գործարար միջավայրի ցուցանիշը ամենաբարձրն է վերջին 7 եռամսյակների ընթացքում

analitik.am

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների' գործարար  միջավայրի  ցուցանիշը (ԳՄՑ)  2014թ-ի  առաջին  եռամսյակում կազմել  է  55.7,   ինչը բարձր է կայունության միջակայքից՝ պահպանելով բոլոր ոլորտներում առկա լավատեսական տրամադրվածությունը:   Ցուցանիշի հաշվարկն իրականացվում է պատասխանների փաստացի և սպասման արժեքների միջինացման միջոցով:


Գործարար միջավայրի փաստացի արժեքը հաշվարկվել է թողարկման ծավալների, ընկերության տնտեսական վիճակի, աշխատողների թվաքանակի ընթացիկ, իսկ սպասման արժեքը' գալիք եռամսյակում թողարկման ծավալների, ընկերության տնտեսական վիճակի, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի և պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների սեզոնային հարթեցված պատասխանների հիման վրա:   Ցուցանիշի հաշվարկման համար տրվող հարցերը ունեն պատասխանների հետևյալ տարբերակները. աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: Պատասխանների  հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետև դրական պատասխանների տեսակարար կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը' ստանալով պատասխանների արժեքները: 


Արժեքները տատանվում են 0- 100 միջակայքում: Որտեղ' 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր հարցվածները նշել են նվազում, 100  արժեքը' աճ, իսկ 50 արժեքը' կայուն վիճակ' այսինքն' աճ և նվազում ակնկալող  հարցվողների քանակը հավասար է:   Որպես կայունության միջակայք ընդունել ենք արժեքի տատանումը 45-ից մինչև 55-ը:   Գործարար միջավայրի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել  է առևտրի  ոլորտում (56.8), իսկ ամենացածր  ցուցանիշը'  շինարարության ոլորտում,  ինչը, սակայն, գտնվում է կայունության միջակայքում: Արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում ևս արձանագրվել է աճի տեմպի արագացում և առաջին եռամսյակում ցուցանիշների արժեքները բարձր են կայունության միջակայքից:  


Նույն շարքից