Բիզնես 

Երիտասարդներն իրենց բիզնես-նախագծերով կաշխուժացնեն ՀՀ սահմանամերձ շրջանները

analitik.am

Գյումրիի, Վանաձորի, Իջևանի, Թալինի երիտասարդները զարգացնում են ձեռնարկատիրական հմտությունները: «Շենացրու գյուղդ» ծրագիրն իրականացնում է «Բարեկամություն» կրթամշակութային ՀԿ-ն` ՀԵՀ-ի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:


Սահմանամերձ գյուղական համայնքների 18-30 տարեկան շուրջ 80 երիտասարդներ մասնակցում են «Ձեռներեցության հմտություններ» խորագրով 5-օրյա դասընթացների: Երիտասարդները ծանոթանում են ձեռներեցությանը և բիզնես պլանավորմանը, ստանում ժամանակի կառավարման, թիմային աշխատանքի, հաղորդակցման արվեստի վերաբերյալ հմտություններ:


Ծրագրի համակարգող Մարիամ Սահակյանը նշեց, որ մարզաբնակ երիտասարդներն ունեն տեղեկատվության պակաս ձեռներեցության բնագավառում, ուստի այդ պատճառով ձգտում են արտերկիր: Նա հավելեց. «Անհրաժեշտ է նման ծրագրեր կազմակերպել հատկապես մարզերում, սահմանամերձ համայնքներում, քանի որ այդ համայնքների երիտասարդները, լինելով մայրաքաղաքից հեռու, ունեն տեղեկատվության պակաս: Դա է պատճառը, որ ձգտում են իրենց ապագան կառուցել արտերկրում»:


Երիտասարդներն արդեն ներկայացրել են մի շարք բիզնես ծրագրեր, որոնք կյանքի կկոչվեն: Օրինակ` Թալինում երիտասարդները կկազմակերպեն մշակութային ծրագիր, իրենք կզբաղվեն տոմսերի տպագրությամբ և վաճառքով ու ստացված հասույթը կներդնեն Թալինի մշակութային կյանքն աշխուժացնելուն ուղղված այլ ծրագրերում: Գյումրիում  երիտասարդները կիրականացնեն փոքրիկ բիզնես-նախագիծ. կզբաղվեն հրավիրատոմսերի, կոնֆետների համար նախատեսված մակագրությունների տպագրությամբ:  


Մարիամ Սահակյանը հույս ունի, որ ծրագրի ավարտին կունենան ձեռներեցության ոլորտում ավելի տեղեկացված երիտասարդություն, որոնք իրենց գիտելիքները կներդնեն համայնքի զարգացման ծրագրերում:


«Շենացրու գյուղդ» ծրագրի ավարտին կտպագրվի ձեռներեցության մասին տեղեկատվական թերթիկ, որը կտրամադրվի բոլոր ցանկացող կառույցներին, իսկ մասնակիցները կպարգևատրվեն վկայականներով:

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նույն շարքից