Վերլուծական Տնտեսություն 

Զարմանալի կառավարություն ունենք. չի կարողանում ծախսել իր փողերը, բայց գնում դրսից պարտք է վերցնում. «168 ժամ»

analitik.am

«168 ժամ» թերթը գրում է. «Զարմանալի կառավարություն ունենք, չի կարողանում ծախսել իր փողերը, բայց գնում դրսից պարտք է վերցնում: Բյուջեի գան­ձապետական հաշվին 500-600 մլն դոլար կա, իսկ կառավարությունն ակտիվորեն նոր վար­կեր է ներգրավում: Միայն վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում շուրջ 205 մլն դոլարի վարկային համաձայնագրեր են վավերացվել: Այն դեպքում, երբ բյուջեն փողի խնդիր չունի: Խնդիրը ծախսերը ժամանակին կատարել չկա­րողանալու մեջ է:

«2019 թվականի ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,148.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1,053 մլրդ դրամ, որոնք ՀՀ կառավարության ին­նամսյա ծրագրի կատարումն ապահովել են, համապատասխանաբար, 100.2 %-ով և 82,5 %-ով»:Սա հատված է Ֆինանսների նախարարու­թյան ներկայացրած պետական բյուջեի կա­տարման հաշվետվությունից:

Այդ հաշվետվությունը վկայում է, որ բյուջեի ծախսերը տարեսկզբի 9 ամիսներին թերակա­տարվել են 17,5%-ով: Պլանավորված է եղել իրականացնել ավելի քան 1,276 մլրդ դրամի ծախս, կատարվել է 1,053 միլիարդը:

Չկատարված ծախսերը կազմել են 225 մլրդ դրամ: Այն համարժեք է շուրջ 468 մլն դոլարի: Նույն ժամանակահատվածում բյուջեի եկա­մուտները գերակատարվել են 2,3 մլրդ դրա­մով: Նախատեսված է եղել ապահովել 1,145,8 մլրդ դրամի եկամուտ, ապահովվել է 1,148,1 միլիարդը:

Որ բյուջեի եկամուտները գերակատարվել են, անշուշտ, լավ է: Ճիշտ է, գերակատարումը մեծ չէ, ինչպես հաճախ փորձ է արվում ներկա­յացնել. բայց կա:

Սակայն նույնը դժվար է ասել ծախսերի թե­րակատարման մասով: Հատկապես, երբ խոս­քը նման լուրջ գումարների մասին է: 225 մլրդ դրամի նախատեսված ծախսը, որը չի կատար­վել, մեծ ռեսուրս է Հայաստանի տնտեսության համար: Ու որևէ նշանակություն չունի, թե ինչի հետևանքով չեն կատարվել այդ ծախսերը: Առավել ևս. որ դա կապված չէ ֆինանսական միջոցների չլինելու հետ: Մեկ անգամ չէ վարչա­պետը հայտարարել, որ կառավարությունը փո­ղի խնդիր չունի:

Սովորաբար հակառակն է լինում, բյուջեի ծախսերը թերակատարվում են, երբ փող չկա: Այս դեպքում փողը կա, նախատեսված ծրա­գրերը կան, բայց դրանք չեն կատարվել: Արդ­յունքում տուժել է հասարակությունն ու տնտե­սությունը: Ու հիմա ինչ արդարացումներ էլ բերվեն, միևնույն է, դրանից բան չի փոխվում:

Պարտավորությունների թերակատարման հետևանքով կառավարությունը լուրջ վնաս է տվել տնտեսությանը: Ոչինչ, որ այդ գումարնե­րը որպես ավանդ դնելով՝ եկամուտ է ստացել. 9 ամսում պետական բյուջեի ազատ միջոցնե­րի հաշվին կառավարությունը ստացել է շուրջ 8,7 մլրդ դրամի տոկոսավճար: Այն ավելի քան 58 %-ով գերազանցել է նախորդ տարվա ցու­ցանիշը:

Նախատեսված ծրագրերը կատարելու փո­խարեն բյուջեի միջոցները դեպոզիտ դնելը փող աշխատելու, թերևս, ամենահեշտ տարբե­րակն է: Սակայն նման բան կարող են իրենց վե­րապահել, ասենք կենսաթոշակային ֆոնդերը: Կառավարությունն իրեն նման շռայլություն թույլ տալու իրավունք չունի:

Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսե­րը տարեսկզբի 9 ամիսներին թերակատարվել են շուրջ 61%-ով: Խոսքը հիմնականում կապի­տալ ծախսերի մասին է, որոնք պայմաններ են ստեղծում տնտեսության կայուն ու երկարատև աճի համար:

Ինն ամսում ոչ ֆինանսական ակ­տիվների գծով ծախսերը կազմել են 72 մլրդ դրամ՝  նախատեսված գրեթե 184 միլիարդի դի­մաց: Միայն այդ մասով չի կատարվել 112 մլրդ դրամի ծախս: Ու կարևոր չէ, որ կատարված ծախսերը 10 միլիարդով գերազանցել են նա­խորդ տարվա ցուցանիշը: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ նախորդ տարի կապիտալ ծախսերի առումով իրավիճակը շատ ավելի տխուր էր:

Իշխանափոխությունից հետո կա­ռավարությունն ամեն ինչում կոռուպցիոն հետ­քեր էր փնտրում, ինչի հետևանքով դադարեցրել էր բազմաթիվ ծրագրերի իրականացումը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից