Բիզնես 

Ռուսաստանում «Մակդոնալդս»-ի դեմ դատական հայց է ներկայացվել

 Reuters-ը հայտնում է, որ արագ սննդի  «Մակդոնալդս» ռեստորանային ցանցը  ժամանակավորապես Չինաստանում վաճառքից հանել է այն արտադրանքները, որոնց բաղադրության մեջ մտնում է  տավարի, խոզի և թռչնի միս: 


Որոշ ճաշատեսակների վաճառքի կասեցումը պայմանավորված է արագ սննդի ցանցի մատակարար Shanghai Husi Food ընկերության հետ կապված սկանդալով: Husi-ն մեղադրվել էր ժամկետանց ապրանքների վաճառքի մեջ:  Bloomberg գործակալության տվյալներով, բացի մսային ճաշատեսակներից, սահմանափակվել է նաև աղցանների և սառույցով կանաչ թեյի վաճառքը: 


Չինաստանում «Մակդոնալդս»-ի ներկայացուցիչը հայտնել է, որ հուլիսի  25-ին դադարեցվել է  Husi ընկերության ապրանքների սպառումը: Չինաստանի բոլոր ռեստորանները կրճատել են իրենց մենյուն: Ավելի վաղ ամերիկյան OSI Group կազմակերպությունը, որի կազմի մեջ է մտնում  Shanghai Husi Food-ը, հայտարարել էր, որ չինական շուկայից դուրս է բերում իր ողջ արտադրանքը և սեփական հետաքննությունն է սկսում:  


Շանհայի ապրանքների և դեղամիջոցների որակի նկատմամբ վերահսկողության ազգային գործակալությունը մեղադրել էր Shanghai Husi Food-ին արագ սննդի ռեստորաններ ժամկետանց միս մատակարարելու համար: Հուլիսի 23-ին Շանհայում հինգ մարդ է ձերբակալվել  Shanghai Husi Food-ի գործունեության հետաքննության հետ կապված: 


Հուլիսի 28-ին «Ռոսսելխոզնադզորը» հայտնեց, որ հոլանդական  Campina ընկերության Բելգիայում գտնվող գործարանը հայտնվել է վտանգավոր կաթնամթերք մատակարարողների ցուցակում՝ վերջինիս արտադրանքում քլորամֆենիկոլ հակաբորբոքային է հայտնաբերվել: Այս ընկերությունը կաթնամթերք է մատակարարում Ռուսաստանի  «Մակդոնալդս» -ին: 


Ավելի վաղ՝ հուլիսի 25-ին «Ռոսպոտրեբնադզորը» կասկածներ էր հայտնել «Մակդոնալդս»-ի Ռուսաստանում գործող ցանցի կողմից պատրաստվող  սննդի անվտանգության հետ կապված:  2014թ-ի հունիսի  ընթացիկ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են նաև օրենսդրական խախտումներ. Մասնավորապես՝   «Ցեզար-Ռոլում» և աղցաններում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ խմբին պատկանող  բակտերիաներով աղտոտվածություն: Արտադրանքի էներգետիկ և սննդային արժեքը  նույնպես չի համապատասխանել սպառողներին տրամադրվող տեղեկատվությանը:

 

«Ռոսպոտրեբնադզորը»-ը «Մակդոնալդս»-ի դեմ հայց է ներկայացրել դատարան: Նախնական լսումը կկայանա  2014թ.-ի օգոստոսին: 

Նույն շարքից