Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ այն մասին, թե ինչպես կփոխվի բացառապես էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծումը 2020 թ. հունվարի 1-ից հետո՝ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից ներկրելիս: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Մասնավորապես՝ բացառապես էլեկտրական շարժիչով մեքենայի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափը գործող 10 %-ի փոխարեն դառնալու է 15 %: Բացառապես էլեկտրական շարժիչով մոտոցիկլետի և հեծանվի դեպքում պահպանվելու է 14 % մաքսատուրքը:
Կոմիտեն հիշեցնում է, որ մինչև 2022 թ. հունվարի 1-ը նշված փոխադրամիջոցների ներմուծումը և օտարումն ազատված են ԱԱՀ-ից: Ֆիզիկական անձինք անձնական օգտագործման նպատակով ներմուծած փոխադրամիջոցների արժեքը պետք է հայտարարագրեն ուղևորային մաքսային հայտարարագրում: Իրավաբանական անձինք պետք է մաքսային արժեքը հայտարարագրեն ապրանքային հայտարարագրում:
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ եթե 2019 թվականին ներկրված տրանսպորտային այս միջոցների համար մինչև տարեվերջ գրանցվի ուղևորային մաքսային կամ ապրանքային հայտարարագիր, այլ ոչ թե տարանցման հայտարարագիր, մաքսազերծումը կկատարվի 2019 թ. գործող դրույքաչափերով: Իսկ տարանցման հայտարարագիր ունենալու դեպքում, եթե ուղևորային մաքսային կամ ապրանքային հայտարարագրերը գրանցվեն 2020 թ.-ի հունվարի 1-ից սկսած, կհաշվարկվեն նոր դրույքաչափերը:
1 - 1Share