Տասնինը երկրի ավելի քան 130 ներկայացուցիչ Հայաստանում մասնակցում են Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովին: Օգոստոսի 4-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մեկնարկած իրադարձությանը մասնակցում են սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպություների, հաստատատությունների ներկայացուցիչներ՝ ի դեմս թեմական կրթական խորհուրդների, համայնքների ներկայացուցիչների՝ կրթօջախների հոգաբարձուների, տնօրենների, ուսուցիչների:
Խորհրդաժողովի բացման հանդիսավոր արարողության մեկնարկին հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը: Իրադարձության մասնակիցներին ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը փոխանցել իր օրհնությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանն ընդգծեց, որ խորհրդաժողովը կանցկացվի Երևանում և Աղվերանում օգոստոսի 4-8-ը: Ողջունելով խորհրդաժողովի մանակիցներին՝ Հարությունյանը նշեց, թե ուրախ է, որ Հայաստանում անցկացվում է նման իրադարձություն:
«Հայաստանում այսօր միավորվել են տասնինը երկրի տարբեր կրթօջախների ներկայացուցիչներ, ովքեր քննարկելու են տարատեսակ խնդիրններ: Այս խորհրդաժողովն իրականացվում է երկու տարինն մեկ պարբերականությամբ: Ընդհանուր խնդիրները, պարզ է, որ վերաբերում են հայոց լեզվի և հայկական մշակույթի պահպանմանը»,- նշեց Հարությունյանը:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանն իր ելույթում նշեց, որ յուրաքանչյուր ազգի հիմքը նրա լեզուն և մշակույթն է:
«Հազարամյակների ընթացքում պետականությունը կորցրած մեր ազգը գոյատևեց և իր պետականությունն ստեղծեց իր մշակույթի և լեզվի, գրի ու գրականության շնորհիվ: Այդ արժեքների պահպանումը դուք եք, սիրելի ուսուցիչներ»,-նշեց Սերգեյ Մանասարյանը:
«Առաջին անգամ չեմ Հայաստանում, մասնակցել եմ բազմաթիվ ծրագրերի: Ամեն տարի ակնկալիքներով լի գալիս եմ Հայաստան: Ուզում եմ իմանալ, թե ինչպես կարող եմ շաբաթը մեկ անգամ՝ մեկ օրվա ընթացքում լիարժեք ձևով երեխաներին սովորեցնել ամեն ինչ: Ես ինքս պետք է սովորեմ և աշակերտներիս փոխանցեմ: Ամեն դասարանում 4-5 աշակերտ ունեմ, իսկ, ընդհանուր առմամբ, 12 դասարան կա»,- նշեց ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ուայթ-Փլեյնս քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մեկօրյա վարժարանի մանկավարժ Եվա Քոչյանը: