Բիզնես 

«Հեյֆեր Ինթերնեյշնլ»-ը առաջարկել է Գյուղնաարարությանը ներկայացնել Հայաստանում գյուղատնտեսության զարգացման տասնամյա ծրագիր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը «Հեյֆեր Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության երևանյան գրասենյակի տնօրեն Անահիտ Ղազանչյանին  ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը: Նախարարն ընդգծել  է արդյունավետ համագործակցությունը  «Հեյֆեր Ինթերնեյշնլ» կազմակերպության հետ և հույս հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ:

 

Նախարարը  գոհունակությամբ է  արտահայտվել «Հեյֆեր Ինթերնեյշնլ»-ի, Համաշխարհային բանկի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության եռակողմ համագործակցության վերաբերյալ,:

 

Իր հերթին Անահիտ Ղազանչյանը տեղեկացրել է, որ «Հեյֆեր Ինթերնեյշնլ» կազմակերպության կենտրոնակայանից Հայաստան ժամանած պատվիրակները նույնպես դրական են գնահատել այդ կազմակերպության կատարած աշխատանքները, ինչը հնարավորություն կտա ձեռք բերել հավելյալ ֆինանսական միջոցներ հանրապետության գյուղական համայնքներում ուղղակի ներդրումներ իրականացնելու նպատակով: Նա  տեղեկացրել է նաև, որ կազմակերպությունն  առաջիկայում նախատեսում է շարունակել իր գործունեությունը Հայաստանում:

 

Նա առաջարկել է կենտրոնակայան ներկայացնել Հայաստանում գյուղատնտեսության զարգացման տասնամյա ծրագիր (նախատեսված 2015-2025 թվականների համար), որի նախապատրաստման նպատակով այդ կազմակերպությունն աշխատանքներ կիրականացնի արտադրական ցուցանիշների հավաքագրման և արդեն իսկ իրականացված ծրագրերի արդյունավետության գնահատման ուղղությամբ: Ծրագիրը կներառի կաթի, պտուղ-բանջարեղենի և մրգի արժեշղթաների մշակում ու զարգացում, համայնքներում պատանեկան ակումբների և կանանց հիմնահարցերի բարելավում, ուսուցում, ներդրումներ ու նորարարական ծրագրեր:  Նախատեսվում է դրանց հարող ենթակառուցվածքներին ներդրումային աջակցության ցուցաբերում:

 

Նախարար Սերգո Կարապետյանը կարևորել է նման ծրագրի իրականացման արնհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել պատշաճ աջակցություն ցուցաբերել նշված տասնամյա ծրագրի մշակման ու իրականացման հարցում:    

Նույն շարքից