ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի գյուղի զարգացման մասնագետ եւ թիմի ղեկավար Նիկոլաս Ահուիսուսիին, Բանկի կայուն ռազմավարության դեպարտամենտի գյուղատնտեսության արտադրության տնտեսագետ Բեքզոդ Շամսիեւին եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե հանդիպման նպատակն իրականացվող ծրագրի ընթացքի դիտարկումների արդյունքներին ու նոր ծրագրի թիրախային առաջարկներին ծանոթանալն է:
Նիկոլաս Ահուիսուսին տեղեկացրել է նախարարին, որ դրական միտումները կայուն նախադրյալներ են ապահովում «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» երկրորդ ծրագիրն իրականացնելու համար: Նա նաեւ նշել է, որ Բեքզոդ Շամսիեւը հանդիսանալու է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» երկրորդ ծրագրի համակարգողը:
Երկրորդ ծրագրիրը կընդգրկի հետեւյալ բաղադրիչները՝ նոր համայնքների ներգրավում, զարգացման արժեշղթայի բոլոր օղակների հստակեցում, ինչպես նաեւ աջակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գործում:
Նախարարը գոհունակություն է հայտնել նոր ծրագրի մեկնարկի առթիվ եւ ներկայացրել է առաջարկներ, որոնք ցանկալի կլիներ ընդգրկել ծրագրում: «Հանրապետությունում զգալիորեն ավելացել է գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը եւ ստեղծվել են մսի եւ մսամթերքի արտահանման իրատեսական նախադրյալներ, անհրաժեշտ է ծրագրի միջոցներով կառուցել մի քանի սպանդանոց, կաթի վերամշակման արտադրամասեր, կերարտադրության բարձր մակարդակ ապահովելու եւ կերային բազան ավելացնելու համար ձեռք բերել հացահատիկահավաք կոմբայններ, ինչպես նաեւ վերամշակող արդյունաբերության բնագավառում ներդնել նոր տեխնոլոգիաներ»,- նշել է նախարարը:
ՀԲ-ի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել քննարկել վերոգրյալ առաջարկներն ու հնարավորինս օժանդակել նոր ծրագրում դրանք ընդգրկելու գործում: