Եվրամիությունը հաջորդ շաբաթ փորձագիտական հանդիպում կանցկացնի, որտեղ կքննարկվի եվրոպական սննդամթերքի՝ Ռուսաստան ներմուծման արգելքով պայմանավորված իրավիճակը: Այդ հարցը քննարկվել է հինգշաբթի՝ օգոստոսի 7-ին, գյուղատնտեսության հարցերով եվրահանձնակատար Դաչան Չոլոշի եւ Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Սթեֆան Լե Ֆոլյայի բանակցությունների ժամանակ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներին:
«Փորձագիտական մակարդակում հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին: Այնտեղ մանրամասն վերլուծության կենթարկվի ռուսական արգելքը, որից հետո ԵՄ խորհրդի արտակարգ նիստի հրավիրման անհրաժեշտության մասին որոշում կընդունվի», - հաղորդել են ԵՄ-ում:
Մասնավորապես, Եվրահանձնաժողովը կքննարկի եվրոպական ագրարային տնտեսություններին վնասի փոխհատուցման հարցը: