ՀՀ կառավարությունն այսօր հավանության արժանացրեց Հայաստանում գազային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու վերաբերյալ համաձայնագիրը:
Նախագիծը գործադիրին ներկայացրեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ տեղեկացնելով, որ «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ–ի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջև կնքվող համաձայնագրի համաձայն՝ ՀՀ տարածքում 540 ՄՎտ հզորության գազային էլեկտրակայան է (2x270ՄՎտ) կառուցվելու։
«Անակլիա Էներջի» կազմակերպության նախնական ծրագրով էլեկտրակայանը շուրջ 600 մլն ԱՄՆ դոլար ներդրումային արժեք է ունենալու։ Վերոնշյալ կազմակերպությունը պատրաստակամությունն է հայտնել ամբողջությամբ ֆինանսավորել էլեկտրակայանի կառուցումը` ակնկալելով ՀՀ կառավարության աջակցությունը մի շարք հարցերում, ինչպիսիք են՝ գազի երաշխավորված ծավալների մատակարարումը, անհրաժեշտ թույլտվությունների տրամադրումը, կայանների կառուցման նպատակով համապատասխան հողատարածքների հատկացման հարցում աջակցություն, գործող օրենսդրության շրջանակներում իր ներդրումների երաշխավորված պաշտպանվածությունը, հարկային արտոնություններ, բարձրավոլտ էլեկտրական գծերից օգտվելու նախապատվություն և էլեկտրաէներգիայի անարգելք արտահանման իրավունք:
Երվանդ Զախարյանը Հովիկ Աբրահամյանից հինգ օր խնդրեց տեխնիկական հարցերի համար։