Տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ: Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խոսքերով, նոյեմբեր ամիսը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է 2019 թվականի համար՝ տնտեսական ակտիվության 10,1 տոկոս ցուցանիշ կա. «Կարևոր է, որ 25,7 տոկոսով ապրանքների արտահանման աճ ունենք: Աճ ունենք նաև առևտրի շրջանառության մասով՝ 11, 9 տոկոս, ծառայությունների ծավալի՝ 11,6 տոկոսով»:
11 ամսվա արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 7,5 տոկոս է, արտահանման աճը՝ 9 տոկոս. «Այն գաղափարախոսությունը, որը մենք դրել ենք տնտեսական զարգացման հիմքում, ռեալ աշխատում է, ինչը կարևոր արձանագրում է»,-ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել մրգային գինիների արտահանման ցուցանիշներին, այն ամենախոշոր աճ ցույց տված ոլորտն է՝ 11 ամսվա կտրվածքով 75 տոկոս. «Հայաստանում նոր բրենդի, նոր խմիչքի ձևավորման պրոցես է տեղի ունենում, որովհետև աշխարհում մրգային գինիներն այնքան էլ տարածված չեն: Սակայն ցուցանիշները ցույց են տալիս, որ դրանք կարող են հետաքրքրություն առաջացնել միջազգային շուկայում»:
Վարչապաետը կարևորեց նաև ելակի ու վարունգի արտահանման ծավալների ավելացումը, ինչպես նաև այն որ ամեն ամիս տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է: