Տեսանյութեր Տնտեսություն 

Արդիականացվելու է Մեղրիի սահմանային անցակետը /Տեսանյութ/

Հայաստանի հյուսիսային անցակետերի արդիականացումից հետո հերթը հարավային սահմանինն է. արդիականացվելու է Մեղրիի անցման կետը: Ծրագրի իրագործումը կնպաստի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը և կխթանի տարանցիկ փոխադրումները:

Մեղրիի անցման կետի վերակառուցումն ու արդիականացումը ֆինանսավորելու նպատակով նախատեսվում է ստորագրել «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև: Համաձայնագրով ներգրավվելու է 10 626 263 եվրո գումար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև ստանալ Եվրոպական միության Հարևանության ներդրումային հարթակի կողմից տրամադրվող տեխնիկական համագործակցության և ներդրումային դրամաշնորհային միջոցներ:

Մեղրիի անցման կետի արդիականացումը պայմանավորված է տարեցտարի անցակետով մարդկանց և ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների հոսքերի աճով: Մասնավորապես` 2017 թվականի հունիս-հուլիս ամիսների համեմատ Մեղրի անցման կետով սահմանահատած բեռնատարների թիվն այս տարվա նույն ամիսներին ավելի քան կրկնակի աճել է, մարդատար ավտոմեքենաների թիվն ավելացել է 7225-ով, իսկ ուղևորների հոսքը` 68 500-ով:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հաստատմամբ ձևավորվել է կոմիտեի աշխատակիցներից կազմված աշխատանքային խումբ:

Կոմիտեն նաև մշակել է ծրագրի իրականացման ժամանակացույցը՝ ներառելով նաև անհրաժեշտ հիմնական միջոցառումների ու կատարման պատասխանատուների ցանկը:

Պետական սահմանի Մեղրիի անցման կետի արդիականացման և վերակառուցման նախագծային փաստաթղթերը դեռ 2019թ. հուլիսին համալիր պետական փորձաքննություն են անցել:

Բացի այդ դեկտեմբերի 25-ին Մեղրի համայնքում հանրային լսումներ են անցկացվել անցակետի շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական նոր եզրակացություն ստանալու նպատակով: Հանրային լսումների ավարտից հետո կներկայացվի նաև նախագծի կրկնակի փորձաքննության համար պատրաստված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտը:

Նույն շարքից