Դուբայը ձգտում է նրան, որ մինչև 2020 թվականն աշխարհի ամենալավ քաղաքը դառնա զբոսաշրջիկների համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով էմիրության «Ալ-Բայաբ» թերթի անդրադարձը:
Թերթում նման հայտարարություն է արել Դուբայի զբոսաշրջային ու առևտրային մարքեթինգի վարչության տնօրեն Սաիդ ալ Մարրին:
2013-ին Դուբայ է այցելել 11 մլն մարդ: Ըստ ծրագրերի՝ մինչև 2020-ը զբոսաշրջիկների թիվը պետք է հասցվի 20 մլն-ի: Այդ նպատակով Դուբայում գործարկվում են մասշտաբային նախագծեր՝ զբոսաշրջության, մանրածախ առևտրի և ժամանցի ոլորտներում: Իշխանությունները ցանկանում են Դուբայը նաև բժշկական տուրիզմի կենտրոնի վերածել:
Այսօր մարդկանց 80%-ը Դուբայ է այցելում հանգստի, մնացյալը՝ գործնական, ցուցահանդեսների և կոնֆերանսների մասնակցելու նպատակով:
Օգոստոսին Forbes հանդեսը կազմել է աշխարհի 13 ամենաազդեցիկ քաղաքների վարկանիշային աղյուսակը, որտեղ Դուբայը զբաղեցրել է յոթերորդ տեղը: