Կառավարությունը պատրաստվում է վերացնել բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական գործակալին (ներկայացուցչի), ինչպես նաև բրոքերային և միջնորդական ծառայություններին` ավելացված արժեքի հարկից ազատելու արտոնությունը: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը վաղը՝ Կառավարության հերթական նիստին, կներկայացնի «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես նշված է նախագծում, գործող օրենսդրության համաձայն, բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական գործակալի, ինչպես նաև բրոքերային և միջնորդական ծառայությունների մատուցումը ազատված է ավելացված արժեքի հարկից:
Խնդիրն այն է, որ տնտեսության ֆինանսական հատվածում մատուցվում են նաև այնպիսի ծառայություններ, որոնց դիմաց ծառայություն մատուցողը ստանում է ոչ տոկոսային եկամուտ, որը միջազգային պրակտիկայում ընդունված է հարկել ավելացված արժեքի հարկով: Այդպիսի ծառայություններից են ֆինանսական գործակալի (ներկայացուցչի), ինչպես նաև բրոքերային և միջնորդական ծառայությունների կողմից մատուցվողները:
Ֆինանսների նախարարության կողմից մշակված նախագծում նշվում է, որ օրենքի փոփոխության արդյունքում ակնկալվում է որոշակիորեն նեղացնել գործող տնտեսավարող սուբյեկտների համար ավելացված արժեքի հարկից ազատելու արտոնության շրջանակը:
Ըստ նախարարության` նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի դրական: