Վերլուծական Տնտեսություն 

Սննդամթերքը թանկացել է ու էլի կթանկանա. 2020թ-ի առաջին «ձեռքբերումը»

2019թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.0% գնաճ, ինչին մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4.9% և 19.9% գնաճերը:

Բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. դեկտեմբերին, 2018թ. դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 5.9%, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ՝ 19.9% գնաճ: Հանրապետության բոլոր դիտարկված քաղաքներում 2019թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բանջարեղենի գներն աճել են 15.4-28.9%-ով, իսկ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հրազդանում:

Մայրաքաղաքում բանջարեղենի գներն աճել են 17.9%-ով:

Մրգի ապրանքախմբում 2019թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 4.9% գնաճ: Հանրապետության բոլոր դիտարկված քաղաքներում 2019թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, մրգի գներն աճել են 2.1-9.6%-ով, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գյումրիում:

Մայրաքաղաքում մրգի գների մակարդակն աճել է 4.3%-ով:

2019թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 14.4%:

Վերը նշված ապրանքախմբերը, սպառողական զամբյուղում ունենալով 9.08% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին՝ 1.3 տոկոսային կետով:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, գնաճը կազմել է 0.5%: Ձվի գինը 2019թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, աճել է 1.1%-ով:

Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2019թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում գրանցվել է 0.3-1.6% գնաճ:

Մայրաքաղաքում կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբի գներն աճել են 0.3%-ով:

Նշենք, որ շուրջ 700 անուն ապրանքատեսակ թանկացել է հունվարի մեկից սկսած, քանի որ Հայաստանում գործում են ԵԱՏՄ մաքսային կանոնակարգերը, սակայն սննդամթերքը թանկացել է մինչև ԵԱՏՄ-ի կանոնակարգերի իրավական ուժ ստանալը:

Գուցե կրկնակի թանակցո՞ւմ է սպասվում:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից