Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի գազատրանսպորտային համակարգի բարեփոխման մասին օրենք է ստորագրել, ինչը հնարավոր է դարձնում դրա փոխանցումն ԱՄՆ-ի և Եվրամիության երկրների մասնակցությամբ ընկերություններին: Այդ մասին հետևում է երկուշաբթի Գերագույն ռադայի կայքում տեղադրված փաստաթղթերից, գրում է Forbes-ը:
Ուկրաինայի նոր օրենքը սահմանում է, որ գազատրանսպորտային համակարգը և գազի ստորգետնյա պահեստները պետական սեփականություն են մնում: Սակայն այժմ դրանք կարելի է փոխանցել հատուկ ստեղծված ընկերություններին՝ կառավարման համար: Նախատեսվում է, որ այդ կառավարող ընկերություններում պետությունը կստանա բաժնետոմսերի գերակշիռ փաթեթը: ԱՄՆ-ից և ԵՄ-ից ընկերություններն իրավունք են ստանում դրանցում բաժնետոմսերի փաթեթներ ձեռք բերել:
Նախատեսվում է երկու ընկերությունների ստեղծում, որոնք կսպասարկեն Ուկրաինայի գազի ստորգետնյա պահեստները և գազատրանսպորտային համակարգը: Երկուսն էլ կլինեն ամերիկյան և եվրոպական գործընկերների մասնակցությամբ:
Օրենքի նախագիծը ներկայացրել էր Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ երկրի գազատրանսպորտային համակարգի օպերատորի ստեղծումը լուծելու նպատակով, որտեղ մինչև 49 տոկոս կարող են ստանալ ԱՄՆ-ից և ԵՄ-ից ներդրողները: Յացենյուկը կարծում է, որ այդկերպ օպերատոր ընկերության ստեղծումը թույլ կտա համակարգի արդիականացման հետ մեկտեղ հակազդել շրջանցիկ գազամուղների կառուցմանը:
Հունիսի 19-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել էր, որ Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի հետ կապված բոլոր հարցերը չեն կարող լուծվել առանց Ռուսաստանի մասնակցության: