ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը սեպտեմբերի 8-ին հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարար Սեբաստիան Կուրցի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման շրջանակներում քննարկվել են էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներում հայ-ավստրիական համագործակցության հնարավորությունները: Հայ և ավստրիացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել հնարավորինս օգտագործել այն ներուժը, որ ունեն երկու երկրները՝ տնտեսության համար կարևոր այդ ոլորտներում:
Նախարար Երվանդ Զախարյանը ողջունել է Ավստրիայի պատվիրակությանը Հայաստանում, մաղթել արգասաբեր և արդյունավետ աշխատանք: Նախարարը կարևորել է հատկապես այն հանգամանքը, որ պատվիրակության կազմում շատ են գործարարները, ովքեր հետաքրքրված են հատկապես Հայաստանի էներգետիկ ոլորտով: Երվանդ Զախարյանը նշել է, որ համագործակցության հնարավորությունները մեծ են հատկապես վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ հիդրոէներգետիկայում, հողմաէներգետիկայում և արևային էներգետիկայի ոլորտում: Նախարարը հույս է հայտնել, որ այս հանդիպումը կլինի լավ սկիզբ՝ հետագա արդյունավետ աշխատանքի համար:
Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարար Սեբաստիան Կուրցը իր հերթին նշել է, որ Ավստրիան հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հարցում, իսկ այդ հարաբերություններում առանձնակի տեղ կարող է ունենալ էներգետիկ համագործակցությունը: Պատվիրակաության կազմում Հայաստան ժամանած ավստրիացի գործարարները ներկայացրել են իրենց ձեռնարկություններն ու այն հնարավորությունները, որ կարող են ներդնել Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման գործում: