Լեհաստանը դադարեցրել է Ուկրաինա գազի ռևերսային մատակարարումները։ Այս մասին հայտարարել է ուկրաինական գազատրանսպորտային համակարգի օպերատոր «Укртрансгаз» ընկերության նախագահ Իգոր Պրոկոպևը Կիևում կայացած կլոր սեղանի ժամանակ, գրում է korrespondent.net-ը:
«Ամեն ինչ այդքան էլ հարթ չէ: Այսօր Ռուսաստանը սկսել է սահմանափակել Լեհաստան գազի մատակարարումը, որպեսզի տապալի Լեհաստանից ռևերսը, որը մենք ստանում ենք: Ժամը երկուսին Լեհաստանը դադարեցրել է ռևերսային մատակարարումները»,- ասել է Պրոկոպևը:
Ավելի վաղ PGNiG լեհական ընկերությունը հայտարարել էր, որ ֆիքսում է ռուսական գազի կրճատում՝ ինչպես Ուկրաինայից, այնպես էլ Բելառուսից:
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դեռ մեկնաբանություններ չի տրամադրել տվյալ իրավիճակի առնչությամբ:
Ինչպես հայտնել է էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գազի վերաբերյալ փոխզիջումային կամ ժամանակավոր որոշում պետք է ընդունվի մինչև հոկտեմբեր: