Բիզնես 

ԵՄ Թվինինգ ծրագիրը կաջակցի ՀՀ պետական ներքին ֆինանսական հսկողության ոլորտի զարգացմանը

analitik.am

ՀՀ պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի կայացմանն օժանդակելու նպատակով Երևանում այսօր` սեպտեմբերի 11-ին, պաշտոնապես մեկնարկել է ԵՄ-ի կողմից մոտ 1մլն եվրո բյուջեով ֆինանսավորվող Թվինինգ ծրագիրը:  «ՀՀ-ում պետական ներքին ֆինանսական հսկողության կարգավորիչ և ինստիտուցիոնալ շրջանակի ուժեղացման և նոր համակարգի գործարկման հարցում Կենտրոնական ներդաշնակեցման միավորին օժանդակության մասին» ծրագրի նպատակն է ԵՄ լավագույն փորձի հիման վրա զարգացնել ՀՀ պետական ներքին ֆինանսական հսկողության ոլորտը:

 

Ծրագիրն իրականացվելու է համապարփակ պետական ներքին ֆինանսական հսկողության (ՊՆՖՀ) համակարգի ներդրման միջոցով` կյանքի կոչելով պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի բարեփոխումների իրագործումն ու զարգացումը` ներառյալ համակարգի երեք հիմնական բաղադրիչները. կառավարչական հաշվետվողականության վրա հիմնված ֆինանսական կառավարում և հսկողություն, կառավարման բոլոր մակարդակներում հավուր պատշաճի հավաստիացում ապահովող ներքին աուդիտ, ինչպես նաև պետական ներքին ֆինանսական հսկողության հետ կապված հարաբերությունների կարգավորումն ապահովող ստանդարտներ սահմանող և դրանց մոնիթորինգն իրականացնող կենտրոնական ներդաշնակեցման միավոր:

 

Ըստ ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի, ծրագրի ավարտին Կառավարությունն ակնկալում է ունենալ ՀՀ-ում պետական ներքին ֆինանսական հսկողության ամբողջական համակարգ. «Այն կնպաստի պետական միջոցների ծախսման արդյունավետության, նպատակայնության բարձրացմանն, ինչպես նաև կուժեղացվեն ծախսերի իրականացման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»:

 

ԵՄ կողմից Թվինինգ ծրագրի ղեկավար Անդերս Նիլսոնի խոսքով` ծրագիրն ուղղված է ֆինանսական կառավարման վերահսկողության և արդյունավետության բարձրացմանը: Ծրագրի տևողությունը 24 ամիս է: Այն իրականացվում է Շվեդիայի Ազգային ֆինանսական կառավարման մարմնի կողմից, իսկ ուղղակի շահառուն հանդիսանում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: 

Նույն շարքից