Բիզնես 

Հայ-չեխական հարաբերությունները կտեղափոխվել նոր փուլ. Կարեն Ճշմարիտյան

analitik.am

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի արդյունքները հնարավորություն կստեղծեն հայ-չեխական հարաբերությունները տեղափոխել նոր փուլ: Այս մասին, սեպտեմբերի 11-ին, Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարթլի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:


Ողջունելով Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի առաջին համատեղ նիստի անցկացումը` էկոնոմիկայի նախարարը կարեւորել է առեւտրատնտեսական ոլորտում հայ-չեխական համագործակցության հետագա զարգացումը:

 

Հանդիպման ընթացում կողմերը ամփոփել են սեպտեմբերի 11-ին անցկացրած Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի եւ Հայ-չեխական գործարար համաժողովի արդյունքները: Ի թիվս այլ հարցերի` քննարկվել են չեխական ավիաուղիների` Հայաստանում աշխատանքների շարունակականության ապահովման կարեւորության, «Հայաստանի Հանրապետության եւ Չեխիայի Հանրապետության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության վերաբերյալ» Համաձայնագրի նախագծի շուրջ չեխական կողմից բանակցությունների վերսկսման, ինչպես նաեւ էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունների եւ խնդիրների հետ կապված հարցերը:

Հանդիպման վերջում կողմերը պատրաստակամություն են հայտնել կատարել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի Արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները:

 

Պատվիրակության կազմում էին ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան, ՉՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ԱՊՀ, Բալկանյան եւ այլ երկրների վարչության պետ Ժիրի Մասատան, Հանձնաժողովի քարտուղար Նիկոլա Հրուշկովան եւ ՉՀ արտաքին գործերի նախարարության  Երկկողմ տնտեսական հարաբերությունների եւ ներդրումների խթանման վարչության տնօրեն Պետր Վավրան:

 

Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստի համանախագահ Գարեգին Մելքոնյանը, Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը եւ Արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը:

Նույն շարքից