Բիզնես 

Չեխական ավիաուղիները կկրճատեն անձնակազմի 1/3-ը

Չեխական CSA Czech Airlines ավիաընկերությունը որոշել է հեռացնել աշխատանքից անձնակազմի 36%-ին՝ Ուկրաինայի ճգնաժամի և դրա հետևանքով Ռուսաստանի և այլ հետխորհրդային երկրների ուղևորների թվի կտրուկ նվազման պատճառով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ընկերության մամուլի խոսնակ Դանիելա Շաբիկային։

«Ուկրաինայի ճգնաժամի պատճառով այս տարի կտրուկ նվազել է ուղևորների քանակը Ռուսաստանից և հետխորհրդային այլ երկրներից։ Այդ պատճառով էլ ավիաընկերության ղեկավարությունը որոշել է դադարեցնել 6 Airbus A320 ինքնաթիռների օգտագործումը և կրճատել անձնակազմը»,- ասել է Շաբիկան։

Նրա խոսքով, հեռացման մասին ծանուցում ստացել է արդեն 315 աշխատակից։ Այսպիսով, այս տարվա դեկտեմբերի 1-ից մինչև 2015թ. հունվարի 31-ը աշխատանքից կզրկվեն՝ 232 օդաչուներից 77-ը, 371 ուղեկցորդներից 172-ը, ինչպես նաև 268 վարչական աշխատակիցներից 66-ը։ Մյուս աշխատակիցների դեպքում ընկերությունը մտադիր է կրճատել աշխատավարձը 25-30%-ով։

Նույն շարքից