Մինչ կառավարության նիստը սկսվելը գործադիրի շենքի առջև են հավաքվել մի շարք տոնավաճառների 100-ից ավելի աշխատակիցներ։ Նրանք պահանջում են հետ կանչել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը։
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցներից Գագիկ Ալավերդյանը՝ օրենքը մշակվել է հատուկ ՓՄՁ-ն վերացնելու համար։
Լրագրողների հետ զրույցում «Փոքր և միջին ձեռներեցության հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը նշեց, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ՓՄՁ-ն մտնելու է Կարմիր գիրք։ Բացի այդ, նա տեղեկացրեց, որ այս ոլորտի աշխատողները սեպտեմբերի 30-ին հանրահավաք են հրավիրում։
«Կան ոլորտներ, որոնց համար այս օրենքն իրոք օգտակար է, բայց ՓՄՁ ոլորտի հիմնական մասը, որը կախված է խոշոր բիզնեսից՝ այս օրենքի պայմաններում չի կարող գոյատևել։ Պահանջում ենք օրենքը հետ կանչել և կրկին քննարկել առաջացած խնդիրները»,- նշեց նա։
«Հրազդան» տոնավաճառի աշխատող Սամվել Հակաբովն էլ տեղեկացրեց, որ տարբեր շուկաների աշխատողների թույլ չեն տվել այսօր մասնակցել ակցիային, մասնավորապես՝ «Մալաթիայի» և ոսկու շուկայի տնօրինությունը։