Վերլուծական Տնտեսություն 

Հայաստանի տնտեսական աճի տեմպը կրկնակի դանդաղել է. «մեղավորները»

analitik.am

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական աճի տեմպը եղել է Կենտրոնական բանկի կանխատեսումից փոքր: Ինչպես Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2014 թվականի հունվար-մարտին Հայաստանի  ՀՆԱ ծավալը կազմել է մոտ 750,4 մլրդ դրամ, իսկ աճը՝ 3,1%: Այս ցուցանիշը ավելի քան կրկնակի փոքր է 2013-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, որը 7,5% էր: Իսկ Կենտրոնական բանկն այս տարվա առաջին եռամսյակի համար կանխատեսել էր 3,2-3,5% աճ։


Ստացվում է, որ այս տարի ՀՀ տնտեսական աճի տեմպը կրկնակի դանդաղել է: Ավելին, վերջին 5 տարիների առաջին եռամսյակների տվյալներով՝ ՀՀ  տնտեսական աճն ունեցել է հետևյալ պատկերը.

 

Այսինքն՝ 2011 թվականից հետո, 2014-ի թվականի առաջին եռամսյակի տնտեսական աճի ցուցանիշն ամենացածրն է:


Ո՞ր ճյուղերն են  «մեղավոր»

2014-ի առաջին եռամսյակում Հայաստանի մի շարք տնտեսություններում անկում է արձանագրվել: Դրանով է պայմանավորված տնտեսական աճի տեմպի թուլացումը:


Մասնավորապես, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում արձանագրվել է 11,4% անկում:


Հաջորդը շինարարության ոլորտն է, որտեղ արձանագրվել է 3,3% անկում:


Մյուսը հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործման ոլորտն է, անկումը՝ 1,3%:


0,1%-ով անկում է ապրել արտադրանքի հարկերի ոլորտը (հանած սուբսիդիաներ):

 

Ինչի՞ հաշվին է աճ գրանցվել

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսության մի քանի ճյուղերում գրանցվել է աճ, որն էլ նպաստել է 3,1% տնտեսական աճի ձևավորմանը: Մասնավորապես, հիմնականում նպաստել են.


 17,5% արձանագրված աճը  անշարժ գույքի ոլորտում


6,2%՝ գյուղատնտեսության


4,5%՝  մշակող արդյունաբերության


2.8%՝ մեծածախ և մանրածախ առևտրի

 

Ի՞նչ է կանխատեսվում

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2014 թ. համար Հայաստանի տնտեսական աճը գնահատվում է 4,1-4,8%: Արդյունաբերության ճյուղում ակնկալվում է ավելացված արժեքի շուրջ 3,7-5,2% աճ, իսկ շինարարության ոլորտում՝ 2,5-4,5%:


Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԱԲ) վերջին կանխատեսման համաձայն` Հայաստանում ՀՆԱ աճը 2014 թվականին կկազմի 4.8 %:


Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)  կանխատեսում է 4.3 %  չափով աճ:


Համաշխարհային բանկը (ՀԲ)` 5 %։


Իսկ Moody’s միջազգային գործակալությունը կանխատեսել է, որ 2014 թվականին  Հայաստանի տնտեսական աճն ավելի ցածր կլինի, քան 2013-ինը: Գործակալությունը դա կապում է Հայաստանի՝ Ուկրաինայի ճգնաժամի և դրանում Ռուսաստանի ներգրավվածության հետ։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի ՀՆԱ–ն 2013 թվականին կազմել է 4 272.9 մլրդ դրամ կամ 10.4 մլրդ դոլար, իսկ տնտեսական աճը` 3.5 տոկոս։


Հավելենք, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի բնակչության մեկ շնչին բաժին ընկած ՀՆԱ ծավալը կազմել է 248 հազ. 876 դրամ ($605 կամ 442 եվրո)։

Սեդա Հերգնյան

Նույն շարքից