Վերլուծական Տնտեսություն 

Ինչի՞ հաշվին է աճ արձանագրվել ծառայությունների, շինարարության և տրանսպորտի ոլորտներում

analitik.am

 

Ինչպես ավելի վաղ տեղեկարցրել ենք, ընթացիկ տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4% աճ: Նախորդ նյութում ներկայացրել ենք, թե ըստ  ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝  նշված ժամանակահատվածում որ ենթաոլորտների հաշվին է աճ արձանագրվել գյուղատնտեսության, առևտրի և արդյունաբերության ոլորտներում:


Այս անգամ կներկայացնենք ծառայությունների, շինարարության և տրանսպորտի ոլորտներում արձանագրված ցուցանիշները՝  ԱՎԾ-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2014 թվականի հունվար-մայիսին» հրապարակման հիման վրա:


Այսպիսով, 2013թ. հունվար-մայիսի համեմատ  այս տարի բնակչութանը մատուցված ծառայությունների ծավալն աճել է 3,1 %-ով և կազմել 404 միլիարդ 234,6 մլն դրամ:  Ծառայությունների ծավալները ներկայացված են ըստ տեսակների:  Ամենամեծ աճն արձանագրվել է մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտներում մատուցված ծառայություններում՝ 29,9 %, իսկ անկում է արձանագրվել կրթության՝  1,1 %,  և ֆինանսական ու ապահովագրական գործունեության ոլորտներում՝ 1,6 %:


Տրանսպորտի  ոլորտում նշված ժամանակահատվածում, 2013-ի հունվար-մայիսի համեմատ, արձանագրվել է 14,5% անկում: Տրանսպորտն ընդգրկում է ընդհանուր և ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտի տեսակները: Ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտն իրականացնում է տվյալ կազմակերպության բեռների փոխադրումները (ավտոմոբիլային տրանսպորտի համար` ավտոտրանսպորտային միջոցներով, երկաթուղային տրանսպորտի համար` ոչ ընդհանուր օգտագործման մերձատար ուղիներով), ինչպես նաև ավտոտրանսպորտով տվյալ կազմակերպության աշխատողների փոխադրումները (ներտնտեսական և ծառայողական): Ըստ վիճակագրության՝ երկաթուղայինի ցուցանիշը նշված ժամանակահատվածում նվազել է  3,5 %-ով, ավտոմոբիլայինը՝ 26 %-ով, օդայինի՝ 7,1 %-ով, իսկ մայրուղային խողովակաշարայինի դեպքում արձանագրվել է  5,5% աճ:


Շինարարության համախառն ծավալը կազմել է 90,85 մլրդ ՀՀ դրամ՝ գրանցելով շուրջ 0,5% աճ:  Այսինքն՝ շինարարության ոլորտում նախորդ չորս ամիսներին արձանագրված աճը պահպանվել է: Այդ թվում ի հաշիվ` պետական բյուջեի կատարված շինարարարական աշխատանքների ծավալը նվազել է 5,6 %-ով, ի հաշիվ համայնքների միջոցների՝ 57,3%-ով, ի հաշիվ մարդասիրական օգնության միջոցների՝ 17,1%-ով: Իսկ ի հաշիվ միջազգային վարկերի կատարված շինարարության ծավալներն այս ժամանակահատվածում աճել են 76.8 %-ով, որը տեղի է ունեցել գլխավորապես Ասիական Զարգացման բանկի տրամադրած վարկի արդյունքում: Եվ հենց դա է ապահովել շինարարության ոլորտում արձանագրված աճը:


Շինարարության ծավալում ընդգրկվում են բոլոր ոլորտներում (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տրանսպորտ, առևտուր և այլ) իրականացված շինմոնտաժային աշխատանքները:


 Սեդա Հերգնյան

Նույն շարքից