Վերլուծական Տնտեսություն 

ՀՀ սպառողական շուկայում 1.8% գնանկում է արձանագրվել

analitik.am

 Այս տարվա հունիսին, մայիսի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.8% գնանկում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ):

Նշված ժամանակահատվածում Հայաստանում պարենային ապրանքների գները 3.1%-ով նվազել են, իսկ ոչ պարենային ապրանքներինը՝ 0.8%-ով, իսկ ծառայությունների ոլորտում սակագների փոփոխություն չի արձանագրվել:


Պարենային ապրանքների շուկայում դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում հունիսին արձանագրվել է գնանկում, 6-ում՝ գնաճ, իսկ մեկում գնային փոփոխություն չի արձանագրվել:


Այսպիսով, զգալի նվազել են բանջարեղենի և կարտոֆիլի գները՝ 33.2%-ով և ձվի գները՝ 11.9%-ով: Դրանցով էլ հենց հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների գնանկումը: Նվազել են նաև վարունգի (18.7%), կանաչ սոխի  (7%),  կանաչեղենի (15.8%),  գլուխ սոխի  ( 1.9%), սխտորի (14.6%), սմբուկի (0.7%), սնկի (3.4%) գները:


Բանջարեղեններից աճել է գազարի` 12% և ճակնդեղի`18.9% , գները:


Իսկ մրգի ապրանքախմբում հունիսին արձանագրվել է 16.2% գնաճ: Սա, թերևս, պայմանավորված է այն հանգամանքով, որ այս տարի ոչ բերանպաստ եղանակի պատճառով մի քանի տեսակի մրգերի առաջարկը նվազել է, ինչն էլ հանգեցրել է դրանց գների բարձրացմանը: Ամենավառ օրինակը ծիրանն է:


Այս տարվա հունիսին, նախորդ ամսվա համեմատ, ըստ ՀՀ ԱՎԾ-ի՝ 1.1%-ով նվազել է շաքարավազի գինը, 0.3-0.2%-ով էլ ՝ ձկնամթերքի, կաթնամթերքի, սուրճի, թեյի և կակաոյի գները:

Հունիսին, մայիսի համեմատ, աճել է նաև  կենդանական և բուսական յուղերի  գները՝ 0.8%-ով, ինչպես նաև՝ միսը (0.7%-ով): Ամսական կտրվածքով աճել է նաև հացամթերքի գինը՝ 0.6%-ով: Մասնավորապես, բարձր տեսակի հացի գինն աճել է 0.2%-ով, առաջին տեսակի հացինը՝ 0.3%-ով, հնդկացորենինը՝ 0.3%-ով, բրնձինը՝ 0.4%-ով:


Իսկ մթերքի, ոգելից խմիչքի և ծխախոտի ապրանքախմբերում նշված ժամանակահատվածում գրանցվել է համապատասխանաբար 0.2% և 0.3% գնաճ:


Ինչպես նշեցինք, այս տարվա հունիսի, մայիսի համեմատ, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.8%-ով: Մասնավորապես, հագուստները էժանացել են  0.2-2.9 %-ով, կոշկեղենը՝ 2.6, վառելիքը՝ 0.6, կահույքը՝ 0.2, կենցաղային էլեկտրաապրանքները՝ 1.7,  ոսկերչական ապրանքները՝ 0.2 և այլն:

 

Սեդա Հերգնյան

Նույն շարքից