Եվրոպական հանձնաժողովի փորձագետների հատուկ խումբը այսօրվանից՝ օգոստոսի 11-ից, սկսելու է փորձաքննություն՝ գնահատելու, թե Եվրամիության տնտեսության վրա ինչ ազդեցություն կունենան ներմուծման վերաբերյալ Ռուսաստանի սահմանափակումները: Այս մասին ռուսաստանյան լրատվամիջոցներին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Խոսքն այն սահմանափակումների մասին է, որոնք՝ որպես պատժամիջոցներ, Ռուսաստանում ուժի մեջ են մտել օգոստոսի 7-ից և ուղղված եմ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառող մի քանի երկրների՝ ԱՄՆ-ի, Եվրոպական Միության երկրների, Կանադայի, Ավստրալիայի ու Նորվեգիայ դեմ: Այս երկրներից մի շարք ապրանքատեսակների ներմուծումը Ռուսաստան մեկ տարով արգելվել է: Մասնավորապես՝ Ռուսաստան այժմ արգելվում է ներմուծել մսամթերք, պանիր ու կաթնամթերք, մրգեր ու այլ ապրանքատեսակներ: Այս կերպ ռուսական կողմը պատժամիջոցների լեզվով պատասխանում է իր դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանած կամ այս որոշմանը միացած երկրներին: Ըստ Ռուսաստանի դեմ որոշման՝ պատժամիջոցներ են սահմանվել Банк Москвы-ի, ВТБ-ի, Россельхозбанк-ի, ինչպես նաև՝ Միացյալ նավաշինական կորպորացիայի նկատմամբ:
Փորձագետների մակարդակով հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին: Կվերլուծեն Ռուսաստանի արգելքը, որից հետո կընդունվի որոշում Եվրամիության խորհրդի արտահերթ նիստի գումարման անհրաժեշտության մասին:
Բայց մինչև Եվրոպական հանձնաժողովը կվերլուծի, թե Ռուսաստանի պատասխան պատժամիջոցները ինչ վնաս կարող են տալ Եվրամիությանը, միջազգային մամուլն արդեն իսկ որոշ փաստեր է արձանագրել:
Ինչպես փոխանցում են ամերիկյան լրատվամիջոցները, հոլանդական Dutch News պարբերականը գրել է, որ ներմուծման վերաբերյալ Ռուսաստանի պատժամիջոցները արդեն իսկ ազդել են Նիդերլանդների շուկայի վրա: Այդ պատժամիջոցների սահմանումից անմիջապես հետո միրգ և բանջարեղեն տեղափոխող մոտ 300 բեռնատարների վարորդների թույլ չեն տվել հատել ՌԴ սահմանը, և ապրանքը հետ են ուղարկել: Նիդերլանդների շուկայում արձանագրվել է մրգի և բանջարեղենի գնի զգալի անկում: Այդ մասին հայտարարվել են ինչպես օն-լայն պարբերականներն, այնպես էլ՝ տեղի հեռուստատեսությունը: Նիդերլանդների թագավորության գյուղատնտեսության նախարար Ալբերտ Յան Մաատը հայտարարել է, որ եթե գնանկումը այս տեմպերով շարունակվի, ապա իրենց տնտեսության վրա ՌԴ-ի պատժամիջոցները զգալի բացասական ազդեցություն կթողնեն:
Այդ պատժամիջոցների բացասական ազդեցության մասին է գրել նաև ֆրանսիական «Sud-ouest»-ը: Ըստ պարբերականի՝ եվրոպական ֆերմերները մտավախություն ունեն, որ կորցնելով ԵՄ-ի արտահանման ընդհանուր ծավալի 10 տոկոսը զբաղեցնող շուկան՝ Ռուսաստանը, ստիպված են լինելու իրենց ապրանքն արտահանելու այլ շուկաներ գտնել և դժվար թե գնեն նման մեծ ծավալով շուկաներ: Արդյունքում՝ իրենց ևս մնում է էժանացնել ապրանքը, ինչը ձեռնտու չէ:
Տնտեսագետները կանխատեսում են, որ մեծ կորուստներ են սպասվում Լեհաստանին: Վերջին իրադարձություններից առաջ Ռուսաստանն այս երկրից տարեկան մոտ 3,5 մլն տոննա խնձոր էր գնում: Երեկ երեկոյան էլ պարզ դարձավ, որ ՌԴ մաքսակետում թույլ չեն տվել ՌԴ մտցնել Լեհաստանից տեղափոխված 20 տոննա հավի միսը, և հետ են ուղարկել այն:
Ռուսաստանյան «Vedomosti»-ն գրում է, որ պատժամիջոցների սահմանման հենց հաջորդ օրվանից սկսած սնունդ արտադրող ռուսաստանյան ընկերությունների բաժնետոմսերի գները կտրուկ բարձրացել են: Տեղեկանալով պատժամիջոցների մասին՝ բիզնեսմենները շտապել են բաժնետոմսեր գնել այնպիսի ապրանքներ արտադրող ընեկերություններից, որոնց ներմուծումը Եվրոպայից արգելվել է: Նրանք հասկանում են, որ ապագայում այդ ընկերությունների արտադրած ապարանքների պահանջարկը մեծանալու է ՌԴ-ում:
Նշենք, որ ըստ Եվրոպայի Եվրոստատ վիճակագրական գործակալության տեղեկատվության՝ Ռուսաստանին Է բաժին ընկնում Եվրամիության 28 երկրների ամբողջ ագրարարային և մթերային արտահանության 10 տոկոսը, որի ընդհանուր գումարը կազմում Է 12 միլիարդ եվրո: Եթե այդ արտադրանքի ամբողջ ծավալը մնա Եվրոպայում, դա կարող Է հանգեցնել գների անկման և ագրարային տնտեսությունների սնանկացման: «Vedomosti»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանը տարեկան ներմուծում է 30 մլրդ ԱՄՆ դոլարի պարենամթերք, և այդ գումարի զգալի մասը բաժին է ընկնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներին՝ Եվրամիությանը, ԱՄՆ-ին, Ճապոնիային, Ավստրալիային ու Կանադային։
Փորձագետները հայտարարում են, որ թեև Ռուսաստանի սահմանած պատժամիջոցներն արդեն իսկ բացասական հետևանքներ են արձանագրել, սակայն իրենք համոզված են նույն պատժամիջոցները բացասաբար կարող են ազդել հենց ՌԴ-ի տնտեսության: Իսկ թե կոնկրետ ինչ բացասական հետևանքների մասին է խոսքը, նրանք խոստացել են հայտնել համատեղ ուսումնասիրություններից հետո:
Հիշեցնենք, որ եվրոպական մի շարք երկրներ, ԱՄՆ-ն ու պատժամիջոցներ կիրառող այլ երկրներ Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինայում իրադրությունը սրելու ու ապստամբներին օգնելու համար: Դրանով էլ նրանք հիմնավորում են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները:
Իսկ երկու օր առաջ էլ նոր հնարավոր պատժամիջոցների մասին բարձրաձայնել է հենց Կիևը: «Ուկրաինան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում, որոնք կարող են ներառել էներգառեսուրսների եւ ավիաթռիչքների տարանցման արգելումը»,- հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Պատժամիջոցների թվում դիտարկվում են տարանցման ցանկացած դադարեցում, ինչպես՝ ավիաթռիչքներ, այնպես էլ ռեսուրսների փոխադրում: Ու թեև Յացենյուկը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հետեւանքով երկրի հնարավոր կորուստները տարեկան 7 մլրդ դոլար է գնահատել, սակայն նշել է, որ «Ռուսաստանը հանցագործություն է կատարում իրենց պետության նկատմամբ և օրենքով Ուկրաինան իրավունք ունի կիրառել պատժամիջոցների 26 տեսակ»: