Այս տարվա երկրորդ եռամսյակում (ապրիլ-հունիս) Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող և հաշտարարի քննությանը ենթակա 599 բողոք, որոնցից միայն 324-ն են ընդունվել քննության: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից՝ եռամսյակային վիճակագրությամբ:
Պարզվում է, որ նշված 324 բողոքներից 270-ը ապահովագրական ընկերությունների դեմ են եղել, իսկ 1-ը՝ Ավտոապահովագրողների բյուրոյի դեմ: 270 բողոքներից միայն 212-ը կապված են ԱՊՊԱ-ի հետ (Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն):
Եթե համեմատենք այս տարվա առաջին եռամսյակի (հունվար-մարտ) ցուցանիշների հետ, ապա ստացվում է, որ երկրորդ եռամսյակում ապահովագրական ընկերությունների դեմ հաշտարարի ստացած բողոքների թիվն աճել է 4-ով, իսկ կոնկրետ ԱՊՊԱ-ի կապված բողոքներինը՝ 20-ով:
2013 թվականի երկրորդ եռամսյակի համեմատությամբ՝ ապահովագրական ընկերությունների դեմ հաշտարարի ստացած բողոքների թիվն աճել է 144-ով, կոնկրետ ԱՊՊԱ-ի հետ կապված՝ 135-ով:
Փաստորեն, եթե առաջին եռամյակի համեմատ ապահովագրական ընկերությունների դեմ բողոքների թիվն էապես չի աճել, ապա 2013-ի երկրորդ եռամսյակի համեմատ՝ աճն ակնհայտ է: Դա, ինչպես ավելի վաղ մեզ հետ զրույցում փաստել են Ավտոապահովագրողների բյուրոյի մասնագետները, կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքով՝ մարդկանց շրջանում իրազեկության բարձրացման, ավտոպատահարների թվի ավելացման և ապահովագրական ընկերությունների թերացումներով:
Հաշտարարի գրասենյակից նաև հայտնում են, որ քննությանը ենթակա բողոքների մի մասի դեպքում հաճախորդները նախապես դիմած չեն եղել ֆինանսական կազմակերպություններին. նման դեպքերում գրասենյակի աշխատակիցները հաճախորդներին օգնել են գրել բողոք-պահանջներ: Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասն էլ բավարարվում են կազմակերպությունների կողմից` բողոք- պահանջների հիման վրա` առանց գրասենյակ պահանջ-դիմում մուտք անելու. լինում են նաև բողոքներ, որոնց նախնական ուսումնասիրությունից հետո հաճախորդին խորհուրդ է տրվում պահանջը չհանձնել քննության, քանի որ բացակայում է հաճախորդի` որպես սպառողի շահերի ոտնահարման փաստը:
Նշենք, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին ՀՀ օրենքի համաձայն` Հաշտարարն իրավունք չունի հրապարակել կողմերի անուններն ու անվանումները: Ուստի՝ օրենքով գաղտնի է պահվում, թե վերջին տարիներին որ ընկերության դեմ որքանով է աճել բողոքների քանակը: Ի դեպ, Ֆինանսական համակարգի հաշտարարը փաստում է, որ դեպքերը քիչ չեն, երբ ապահովագրական ընկերությունները մեղավոր են ճանաչվում, ուստի՝ այդ դեպքում Հաշտարարին դիմողների մի մասը փոխհատուցվում է:
Հիշեցնենք, որ ԱՊՊԱ համակարգը Հայաստանում ներդրվել է 2011 թվականից: