Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ փոփոխված օրենքը: Ըստ նոր օրենքի` առք ու վաճառքի գործունեություն իրականացնող ՓՄՁ սուբյեկտների և ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ընտանեկան ձեռնարկատիրությունների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5%-ից նվազեցնել մինչև 1%:
Բայց 1% շրջանառության հարկ դնելով՝ դրվեց փաստաթղթավորման պահանջ: Ըստ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանի՝ այդ պահանջը նշանակում է, որ երբ բիզնեսմենը ապրանք ես գնում, որ վերավաճառեի, պետք է ունենա դրանց մասին վկայող փաստաթղթերը: Առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:
«Չնայած, որ դա պայքար է ստվերային տնտեսության դեմ, բայց կա մտավախություն: Հնարավոր է, որ հարկային ծառայության տեսուչները փաստաթղթերը ստուգելու համար օրական նույնիսկ մի քանի անգամ մտնեն ՓՄՁ-ներ և ստուգումներ անցկացնեն: Դա լավ բան չէ: Այսինքն՝ մենք 3,5-ը նվազեցրել ենք 1%-ի՝ ունենալով բարի նպատակներ, բայց նախադեպ ենք ստեղծել, որ հարկայինի կողմից անընդհատ այցելություններ լինեն ՓՄՁ-ներ: Վերջին տարիներին նրանց «շփումը» նվազել էր, բայց հիմա մտավախություն կա, որ նորից տեսուչները շատ կայցելեն: Սա է հիմնական խնդիրը»,- կարծում է տնտեագետը:
Նշենք, որ ծրագրվում է նաև Հայաստանում ներդնել ընտանեկան բիզնես կարգավիճակ: Այսինքն` տարեկան 12 մլն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները, որոնք կգրանցվեն ընտանեկան բիզնես կարգավիճակով, կազատվեն հարկերից: Հաջորդ քայլով էլ նախատեսվում է փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար փաստաթղթաշրջանառությունը դարձնել պարտադիր պայման, սակայն փաստաթղթի առկայությունը հարկային մարմինը կստուգի պարզեցված ընթացակարգով:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի՝ Հարկային մարմնին տրամադրվելու է աշխատանքային մեկ օր՝ ՓՄՁ-ի մոտ փաստաթղթի առկայությունը ստուգելու համար:
Մեր բյուջեի եկամուտները, սակայն, շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցման հետևանքով, նախնական հաշվարկով, մոտ 8 մլրդ դրամով նվազելու են: Նման տվյալ է ներկայացրել Ֆինանսների նախարարությունը Կառավարությանը:
Նշենք, որ վերջին ավելի քան երկու տարում Հայաստանում 3 հազարից ավելի փոքր ու միջին տնտեսվարող սուբյեկտ է փակվել: Փակվելու միտումը հիմա շարունակվում է: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, միայն 1511-ը փակվել են նախորդ տարի՝ 2013-ին: Հենց նախորդ տարվանից էլ Հայաստանում գործում է «Շրջանառության հարկի մասին» օրենքը: Այն ընդունվել է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք:
Այսօրվա դրությամբ Հայաստանում, ըստ օրենքի, շրջանառության հարկի դրույքաչափերը հետևյալն են.