Բիզնես 

Փոխվարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

analitik.am

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայուն զարգացման թիմի պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հանդիպմանը քննարկվել են հանրապետության հարավային մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նոր ծրագրի նախապատրաստման, ծրագրի իրականացման պատասխանատու կառույցների ընտրությանը վերաբերող հարցեր:

Առաջարկվել է ծրագրի ինստիտուցիոնալ և գործնական բաղադրիչների համար առանձին պատասխանատուներ ընտրել: Մասնավորապես քննարկվել է ինստիտուցիոնալ բաղադրիչը ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան կառույցների, իսկ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված գործնական ծրագրերը՝ նոր ձևավորվող Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացնելու հնարավորությունը:


Փոխվարչապետը նշել է, որ նոր հիմնադրամի հիմնական նպատակը տարածքների համակողմանի զարգացման աջակցությունն է, և նախատեսվում է, որ հիմնադրամը համակարգելու է տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, որոնց վերջնական նպատակը տարածքների, համայնքների զարգացումն է:

Հյուրերը դրական և հետաքրքիր են համարել Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման գաղափարը՝ նկատելով, որ նմանատիպ հիմնադրամի գործունեության հաջող փորձ առկա է նաև այլ երկրներում: 

Զրուցակիցները քննարկել են նաև ՀԲ աջակցությամբ խմելու ջրի ոլորտում իրականացվող և իրականացվելիք ծրագրերին առնչվող հարցեր: 

Նույն շարքից