Բիզնես 

Բիլ Գեյթսը ճանաչվել է ԱՄՆ-ի ամենաշռայլ միլիարդատերը՝ ըստ Forbes-ի

analitik.am

Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը գլխավորել է ամերիկացի ամենաշռայլ միլիարդատերերի ցուցակը, որը հրապարակել է Forbes ամսագիրը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Պարբերականի տվյալներով՝ նախորդ տարի Գեյթսը բարեգործության համար ծախսել է 2.65 մլրդ դոլար։ Միջոցների մեծ մասը նա նվիրաբերել է մալարիայի, պոլիոմելիտի և այլ վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարի համար։ Մասնավորապես, 50 մլն դոլար նա տրամադրել է ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու միջազգային նախաձեռնությանը։

 

Իր ամբողջ կյանքի ընթացքում Գեյթսը տարբեր բարեգործական կազմակերպությունների է նվիրաբերել ավելի քան 30 մլրդ դոլար, ինչը նրա այժմյան կարողության մոտ 40%-ն է կազմում։

 

Ցուցակում 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է ներդրող Ուորեն Բաֆետը. 2013-ին նա նվիրաբերել է 2.63 մլրդ դոլար։ Երրորդ հորիզոնականում է բարեգործ Լեոնարդ Լաուդերը, ով նախորդ տարի Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին է նվիրել 78 կտավ և քանդակ՝ 1.1 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ։

 

Ամենաշռայլ ամերիկացի միլիարդատերերի ցուցակի 4-րդ հորիզոնականում է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (991 մլն դոլար), 5-րդ հորիզոնականում՝ Ջորջ Սորոսը (734 մլն դոլար)։

Նույն շարքից