Բիզնես 

ՓՄՁ ներկայացուցիչները երկուշաբթի կրկին բողոքի ակցիա կանեն «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրարկման դեմ

analitik.am

«Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց, որ իրենք երկուշաբթի օրը կրկին հավաքվելու են իրենց բողոքի ձայնը բարձրացնելու «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ:

Ստեփան Ասլանյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանական այն խմբակցություններին, որոնք «Շրջանառության հարկի մասին » օրենքի վերաբերյալ իրենց ունեցած դժգոհությունների հարցում աջակցում են իրենց, և հատուկ շնորհակալություն հայտնեց ԱԺ պատգամավոր, գեներալ Սեդրակ Սարոյանին՝ ասելով, թե ցանկություն ունեն հանդիպելու նրան, ինչպես նաև հույս ունեն, որ նա միջնորդը կդառնա ՓՄՁ ներկայացուցիչների և հանրապետականների միջև:

«Վարչապետն ընդունել է մեր ներկայացուցիչներից մի քանիսին և ասել է, թե 3-4 օրվա ընթացքում մեզ պատասխան կտան: Այդ պատասխանը մեզ չգոհացրեց, և մենք որոշել ենք երկուշաբթի օրը կրկին հավաքվել և բողոքի ակցիա իրականացնել», -ասաց Ստեփան Ասլանյանը՝ նշելով, թե իրենց մեջ կան միջին բիզնեսի ներկայացուցիչներ և իրենք կարծում են, որ հենց նրանք են վարչապետին ներկայացրել իրենց խնդիրները:

«Մեր պահանջն առաջին օրվանից ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ նույնը. պահանջում ենք կա՛մ կասեցնել շրջանառության հարկի մասին օրենքը, կա՛մ երկու օրենքներն էլ թողնել ուժի մեջ, որպեսզի տնտեսվարողներն ազատ հնարավորություն ունենան երկու հարկադրույքից էլ օգտվելու»,- հայտարարեց Ստեփան Ասլանյանը:

Բանախոսն ասաց, թե ուզում է հավատալ վարչապետի խոսքին, ով ասել է, թե փոքր բիզնեսին վտանգ չի սպառնում, սակայն կարծում է, որ պետք է լինեն հստակ երաշխիքներ, որի արդյունքում «փոքր բիզնեսը կկարողանա հանգիստ շունչ քաշել»:

Նույն շարքից