Բիզնես 

Հայաստանի սպառողական շուկայում ինն ամիսներին արձանագրվել է գնանկում

analitik.am

 Հայաստանի սպառողական շուկայում տարվա ինն ամիսների ընթացքում արձանագրվել է 0,8 տոկոս գնանկում: Գնանկման միտումներ են նկատվել տարվա 5 ամիսների ընթացքում, իսկ գնաճ առավելապես արձանագրվել է հունվարին, ապրիլին, օգոստոսին և սեպտեմբերին:  Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց  Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով` բարձր գնաճ է նկատվել հունվարին` շուրջ 8.2 տոկոս, և ապրիլին` 0.8 տոկոս: «Ընդհանուր ինն ամիսների սպառողական գների ինդեքսը կազմել է 99.2 տոկոս, այսինքն` գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 0.8 տոկոսով: Այս ամիսներին բարձր գնաճ է արձանագրվել պարենային ապրանքների շուկայում և հատկապես բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում` 5,9 տոկոս: Ամենաբարձր գնաճն արձանագրվել է ձվի շուկայում` 9.2 տոկոս»,-  ասաց Մարտիրոսյանը:


ԱՎԾ ներկայացուցիչը նշեց, որ վերջին տասը տարիներից չորսին` 2007, 2008, 2012, 2014 թվականներին, ինն ամիսների կտրվածքով արձանագրվել է գների նվազում, մյուս տարիներին ամենաբարձր գնաճն արձանագրվել է 2010 թվականին` 4,7 տոկոս, որից հետո ընդհանուր 12-ամսյա գնաճը կազմել էր 9,4 տոկոս: Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերին օգոստոսի համեմատ  ԱՊՀ բոլոր երկրներում արձանագրվել է գնաճ, իսկ ԵՄ երկրներում պատկերը մի փոքր այլ է: «Օգոստոսին հուլիսի համեմատ Եվրամիության 27 երկրներից 15-ում արձանագրվել է գնանկում, 9-ում` գնաճ, իսկ 3-ում գները մնացել են անփոփոխ: Իսկ 2014 թվականի օգոստոսին` 2013 թվականի դեկտեմբերի համեմատ Եվրամիության երկրներից 8-ում արձանագրվել է գնանկում, 19-ում գնաճ: Մասնավորապես բարձր գնանկում է արձանագրվել Հունաստանում, Բուլղարիայում և  Իտալիայում, գնաճային ցուցանիշով բարձր տեղերում են Մալթան և Կիպրոսը:

 

2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4 տոկոս  գնաճ: Պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.6 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.9 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների ընդհանուր մակարդակի 0.1 տոկոս նվազում: 

Նույն շարքից