Business Insider բլոգը ծավալուն անդրադարձ է հրապարակել Կրեմլի կողմից ռուսաստանցի օլիգարխներին սատարելու վերաբերյալ՝ Արկադի Ռոտենբերգի օրինակով:
Ռոտենբերգը նախ ԱՄՆ-ի, ապա ԵՄ-ի, իսկ վերջերս էլ առանձին Իտալիայի իշխանությունների թիրախն էր դարձել. նրա անունն ընդգրկված է պատժամիջոցների ցուցակներում՝ որպես «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջանակի ներկայացուցիչ»: Ռոտենբերգը Պուտինի վաղեմի մտերիմն է, եղել է ձյուդոյում նրա մարտակիցը:
Իսկ Կրեմլի աջակցությունը դրսևորվում է նրանով, որ Պետդուման առաջարկում է պետական միջոցներից գումարներ հատկացնել պատժամիջոցներից տուժող Ռոտենբերգին ու նրա եղբորը:
Ռուսաստանի քաղաքացիների սեփականությունը ոչ միայն ՌԴ-ում, այլև արտասահմանում պաշտպանելու մասին օրենքը Մոսկվայում անվանում են «Ռոտենբերգի վիլլաների օրենք». իտալական իշխանությունները կալանք էին դրել Սարդինիայում նրա առանձնատան վրա:
Օրինագիծն առաջարկվել էր դեռ հունիսին, սակայն Դումայի հավանությանը չէր արժանացել: Աղբյուրը գտնում է, որ Ռոտենբերգը դիմել է Կրեմլում իր լոբբինգին, և այս շաբաթ օրենքը պետք է առաջին ու երկրորդ ընթերցում ունենա Դումայում:
Աղբյուրը մեջբերում է նաև մի առիթով Ռոտենբերգի ասած խոսքը, թե իրենց երկրում պետական պաշտոնյաների շրջանում ծանոթներ ունենալը ոչ ոքի վնաս չէ, սակայն դեռ շոշափելի օգուտ էլ չի բերել:
Սկզբնաղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2014/10/07/oligarkhs-supported-ru/